Լրագրող Փաշինյանը գիտեր՝ ինչ բան է անմեղության կանխավարկածը, իսկ վարչապետ Փաշինյանը՝ոչ
Դեժավյու ֆեյսբուքյան էջը, որը պարբերաբար հրապարակումներ է անում լրագրող Նիկոլ Փաշինյանի հոդվածներից, գրում է.
««Հայկական ժամանակ»-ի 1999-ի հոկտեմբերի 19-ի «Մեղավորության կանխավարկած» խմբագրականում Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Ներկայումս հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ամենաբնորոշ իրողությունը, թերեւս, մեղավորության կանխավարկածն է։ … յուրաքանչյուր քաղաքացու ի վերջո կարելի է կասկածով նայել եւ հիմնավոր կասկածներ ունենալ, որ նա ինչ-որ բանում, այնուամենայնիվ, մեղավոր է։ … մեղավորության կանխավարկածը ընդգրկում է բոլորին` ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, ամենավերջին եւ ամենախեղճ վիճակում գտնվող քաղաքացիով վերջացրած։ … գուցե գողություն է արել կամ ավազակային հարձակում, կամ էլ գրպանահատությամբ է զբաղվել։
Համենայն դեպս, նրա գոյատեւման ավելի տրամաբանական բացատրություն չկա։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բոլորս սկսեինք ապրել այս տրամաբանությամբ ու այդ կասկածներով։ Հանրային կյանքը կվերածվեր աբսուրդի, եւ անընդհատ հաշվեհարդարի շղթա կստեղծվեր։ Ահա «անվստահության այս գաղջ մթնոլորտը» հաղթահարելու համար քաղաքակիրթ աշխարհը ստեղծել է անմեղության կանխավարկածը։ Ի դեպ, միայն այս բառն արտասանելու համար Ստալինի օրոք մարդկանց դատում էին»։
Ոչ թե պատկերացնելի, այլ վաղուց պարզ տեսանելի է, թե ինչ եղավ, երբ միայն մեկը` երկրի վարչապետն սկսեց ապրել այս տրամաբանությամբ ու բոլորին կասկածելով։ Գրեթե 20 ամիս շարունակ անհիմն ու անընդհատ հաշվեհարդարի շղթան մեր երկրի հանրային կյանքը վերածում է կատարյալ աբսուրդի։ Խտացող ու ահագնացող «անվստահության գաղջ մթնոլորտում» ( այսպես վարչապետ Վազգեն Սարգսյանը բնութագրել է Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին փուլը) իրոք անմեղության կանխավարկածը միտումնավոր մոռացության է մատնվում։ Բոլոր հիշողներին, իրոք, անխտիր դատում են` մտացածին մեղադրանքներով։ Երկրի վարչապետը, կարծես, ուզում է ապացուցել, որ մենք այլևս քաղաքակիրթ աշխարհի մաս չենք, քանի որ մեր երկրում ջնջված է սահմանադրական կարգը ու փոխարենը վերականգնված են ստալինյան բարքերը։
Այն` ինչ չէր կարելի, անպատկերացնելի էր նախորդ իշխանությունների օրոք, կարելի է և իրողություն է հիմա` նիկոլի թվին։ Այսօրյա կառավարման ամենաբնորոշ որակումը անորոշությունն է. համընդհանուր, ամբողջական, ներքին ու արտաքին, տնտեսական ու քաղաքական, բարոյական ու մշակութային, հոգեկան ու ոգեղեն, խոսքի ու գործի անորոշությունը։ Պետության ղեկավարի, հատկապես «ժողովրդի» վարչապետի պարտքն է` ամեն քաղաքացու անմեղությունը մինչև վերջին շանսը և՛ օրենքով, և՛ բարոյական ազնիվ մղումներով, և՛ այլ հնարավոր միջոցներով պաշտպանելը։ Մինչդեռ օրվա բոլորին կասկածող վարչապետն ամեն պատեհ առիթով ու քմահաճությամբ յուրաքանչյուր արժանապատվություն ու սեփական կարծիք ունեցող քաղաքացուն սև, հետևաբար` մեղավոր է նշանակում։
Համենայն դեպս. ականատեսն ենք որ նա թքած ունի բոլոր կանխավարկածների վրա և սեփական գոյատևումը երկարաձգելու ավելի տրամաբանական բացատրություն չունի»։