ՀՀ իշխանությունները ոչ միայն ձեռնպահ մնացին արձագանքից, այլ ծաղրեցին նրանց, ովքեր համարձակություն ունեցան արտահայտվել. Արթուր Դանիելյանը` իրանցի գեներալի սպանության վերաբերյալ արձագանքի մասին
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու դրան ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին շաբաթների ընթացքում տեղի է ունենում այն, ինչ ես կանխատեսում էի 2-3 տարի առաջ: Արցախի Հանրապետությունն աստիճանաբար դառնում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սուվերենության կրողը: Սկզբից ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ-ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում շատ միանշանակ ելույթ ունեցավ` միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելով առ այն, որ Արցախի սահմանները փոփոխման ենթակա չեն, Արցախի սուբյեկտայնությունը նվազման ենթակա չէ, և որ «Արցախի ադրբեջանական համայնք» կոչվող բլեֆը էս կողմերում ոչ մեկի վեջին չի: Մինչդեռ ՀՀ դե յուրե ղեկավարը լուռ նստած լսում էր, թե ինչպես է Հայաստանին ներկայացված վերջնագիրը մերժում ու արտաքին օրակարգ ձևավորում իր արցախցի կոլեգան:
Երեկ էլ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը շատ հստակ գնահատական տվեց նույն օրը տեղի ունեցած իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն ձեռնպահ մնացին արձագանքից, այլ վարչապետի մակարդակով ծաղրեցին նրանց, ովքեր համարձակություն ունեցան այդ առիթով արտահայտվել: Ու սա շատ օրինաչափ վարքագիծ է: Գլուխն ավազի մեջ թաղելու ջայլամային քաղաքականությունը դարձել է ներկայիս ՀՀ իշխանությունների վարքագիծը: Ցանկացած հարցում` լինի դա ներքին, թե արտաքին քաղաքական, նրանք նախընտրում են լռել, թաքցնել, կոծկել իրականությունը, մինչև այն բոլորիս գլխին չի ընկնում` մոտավորապես «Արցախի ադրբեջանցի համայնքի» նման: Ու հետո բոլոր նրանք, ովքեր չեն վախենում գլուխը չթաղելուց, իրավիճակը շտկելու փորձեր են անում:
Իրանը ևս մեկ նմանատիպ հարց էր: Վախենալով իրենց հիմնական ֆինանսական, հոգևոր ու քաղաքական հովանավոր ԱՄՆ-ի զայրույթից` քայլառաստները ոչ միայն գնահատական չեն տալիս հարևան ու բարեկամ երկրի բարձրագույն իշխանավորի սպանությանը, այլ նաև փորձում են երկրի ներսում դրան գնահատական տվողներին չեզոքացնել, որ հանկարծ ԱՄՆ դեսպանատանը շատ չջղայնանան:
Բաղդադում սպանվել է մարդ, որը հակաահաբեկչական պայքարի փարոս էր դարձել: Կայունացրել էր իրավիճակը Սիրիայում ու գործուն քայլեր էր ձեռնարկում ողջ Մերձավոր Արևելքը կայունացնելու ուղղությամբ: Դրանից զատ նա մեր բնական դաշնակից հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն պաշտոնյաներից էր ու երկրի ղեկավարի հավակնորդ: Իր սպանությանն իրավական և քաղաքական հստակ գնահատական տալը միանշանակ կամրապնդեր մեր հարևան երկրի ու իր դաշնակիցների հետ հարաբերությունները, և տեսականորեն կարող էր առիթ դառնալ ԱՄՆ-ի դեսպանատան դժգոհությանը: Խոսքը մեզանից 10 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, Հայաստանի տնտեսության մեջ չնչին մասնաբաժին ունեցող, Իսրայելա-Ադրբեջանական տանդեմի հիմնական հովանավոր ու Հայաստանում հակապետական բոլոր պրոցեսների հովանավոր ԱՄՆ-ի մասին է:
Չգիտես ինչու, այս պարզ իրողություններն Արցախում հասկանում են ու չեն վախենում հստակ գնահատականներ տալուց, իսկ Հայաստանում վախում են ու ձև են անում, որ բան տեղի չի ունենում, էն հույսով, որ փոթորիկը մեր կողքով կանցնի: Թեպետ սուտ եմ ասում, լավ էլ գիտեմ` ինչու…
Ներկայիս դասավորությամբ մեր ԲՈԼՈՐ հարևան երկրների կայունությունը բխում է մեր շահերից: Առանձնահատուկ դեբիլների համար մանրամասնեմ՝ նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի կայունությունն է բխում մեր շահերից: Թե՛ Իրանում, թե՛ Վրաստանում, թե՛ Թուրքիայում և թե՛ Ադրբեջանում տեղի ունեցող անկայունությունը կարող է բխել մեր շահերից միայն էն դեպքում, եթե դրանից օգտվելու ենք հենց մենք ուղղակիորեն, ինչը, մեր մարդկային ռեսուրսները հաշվի առնելով, գրեթե բացառվում է: Սա է ռեալ պոլիտիկը, մնացած ամեն ինչ օտարերկրյա գործակալական ցանցի կողմից ներարկվող կործանիչ մանիպուլյացիաներ են: Գլուխն ավազում թաղելով` մենք առնվազն հարաբերություններ ենք փչացնում հարևանի հետ, առավելագույնը մենակ ենք մնում պայթյունի շեմին կանգնած տարածաշրջանում, որովհետև ԱՄՆ-ն մեզ երբեք դաշնակից չի լինելու: ԱՄՆ-ի համար մենք կանք այնքանով, որքանով պետք կարող է լինենք Ռուսաստանի հետ հերթկան առևտրի փուլի ընթացքում:
Այ, օրինակ, Մեքսիկայում կամ Կանադայում, կամ ասենք Բելգիայում տեղի ունեցող հնարավոր անկայունությունից մենք անուղղակիորեն կարանք օգտվենք…»: