24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանին չի հաջողվել փոխել բանակցությունների ձևաչափը, և դա մեր դիվանագիտական հաջողությունն է․ Իլհամ Ալիև

2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ, և դա Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունն է․ այս մասին դեկտեմբերի 23-ին ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս խոսել է անցնող տարում բանակցային գործընթացում «լուրջ առաջընթացի բացակայության» մասին։ Փոխանցում է CivilNet.am-ը:

«2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չի գրանցվել։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է մի քանի պատճառներով։ Դա և՛ Հայաստանի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումն է, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ բանակցությունների վրա բացասաբար են ազդել Հայաստանի ղեկավարության «հակասական և անտեղի հայտարարությունները»․ «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ։ Դա անհեթեթություն է։ Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են։ Հետևաբար բանակցություններն ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ 2019-ին բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի՝ այն փոխելու բոլոր փորձերին։ Կարծում եմ՝ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանը, փորձելով փոխել բանակցությունների ձևաչափը, «փորձում է ձգձգել դրանք կամ պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա»։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնել է՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է, և Ադրբեջանի դիրքորոշումը բանակցություններում չի փոխվում և չի կարող փոխվել»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր հայտարարում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում «քմահաճույք չէ, ոչ էլ՝ նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:

Այս տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ հայտարարությունը լայն արձագանք է ստացել միջազգային հանրության շրջանում, Ադրբեջանն էլ այն որակել է «ապակառուցողական»։ Հանրահավաքից երկու ամիս անց՝ հոկտեմբերի 3-ին, Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի հերթական նիստի շրջանակում ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։

Աղբյուր՝ CivilNet.am

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ