Աղքատության բևեռացում և ավտոմեքենաների ներմուծման ֆանտաստիկ աճ. Հայելի
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացումների մասին զեկույցը` դեկտեմբեր ամսվա համար: Համաշխարհային բանկի հրապարակած համառոտ զեկույցում նշված է՝ այս տարվա 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9%-ով, որի շնորհիվ մինչև 2019-ի սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7․5%-ի, որը պայմանավորված է մասնավոր հատվածում սպառման ծավալներով: ՀՆԱ-ի աճը դիտարկվում է որպես բարձր: ՀԲ-ի տվյալներով` գնաճը դանդաղ աճում է, առևտրի ոլորտում պակասուրդն ընդլայնվել է՝ տրանսպորտային միջոցների ներկրման ծավալների լուրջ աճի եւ ոսկու արտահանման ծավալների նվազեցման հետևանքով: Մինչև 2019-ի նոյեմբերը գնաճի տարեկան միջին ցուցանիշը շարունակել է մնալ 1․5 տոկոս։
Արտադրության ոլորտում աճն ապահովել են առևտրի և ծառայությունների ոլորտները, որտեղ գրանցվել է 5.5% աճ: ՀՆԱ-ի աճն ապահովող մյուս ոլորտը` արդյունաբերությունը, հիմնականում շարունակում է հենված մնալ մշակվող արդյունաբերության 1%-ի, հանքարդյունաբերության 0,6%-ի և շինարարության 0,3% ոլորտների վրա: Մշակվող արդյունաբերությունն աճել է 9%-ով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18%-ով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը 2018-ի արտադրական ընդհատումներից հետո շարունակում է վերականգնվել: Փոխարենը գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։
ՀԲ-ի փոխնացմամբ` նոյեմբերին դրամավարկային պայմանները մնացել են անփոփոխ։ Ներմուծման ծավալների կայուն աճի և արտահանման ծավալների չափավոր աճի հետևանքով առևտրային հաշվեկշիռն ընդլայնվել է։ Արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում շարունակում են մնալ օգտակար հանածոները` պղինձ, որը կազմում է արտահանման 28 տոկոսը: Արտահանվող հաջորդ ապրանքները գյուղմթերքներն են, որին բաժին է ընկնում արտահանման ծավալների 23 տոկոսը, հաջորդաբար թանկարժեք քարերն ու մետաղներն են` արտահանման ծավալի մեջ ունեցած 15 տոկոս մասնաբաժնով։ Այսպիսով, 2019 թ․ տասը ամիսներին արտահանման հանրագումարային աճը կազմել է 7․2 տոկոս։ Ներմուծման ծավալների աճը ևս հոկտեմբերին դանդաղել է, սակայն կազմում է 15 տոկոս, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեռևս կենսունակ ցուցանիշ է։
Այս ամենի շնորհիվ ներմուծման ծավալների հանրագումարային աճը 2019 թ․ առաջին տասը ամիսներին կազմել է 6․2 տոկոս, որի մեջ առաջատարը տրանսպորտային միջոցների ներմուծումն է, որի 70 տոկոսով աճել է: Առանց տրանսպորտային միջոցների ներմուծման` ծավալներն ավելացել են ընդամենը 1 տոկոսով։ Աղքատության ցուցանիշը 2018 թ․ նվազել է 23․5 տոկոսի՝ 2017 թ․ 25․7 տոկոսի համեմատ։ Նվազումն ավելի արտահայտված է եղել գյուղական շրջաններում և մայրաքաղաք Երևանում, մինչդեռ մյուս երկրորդային քաղաքներում աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Վարկերն ու ավանդները ևս աճել են ավելի քան 15 տոկոսով:
ՀԲ զեկույցը փաստացի ցույց է տալիս, որ աղքատության նվազումը, որը դրական ցուցանիշ է, ուղեկցվել է բևեռացմամբ. մարզերի խոշոր քաղաքներում աղքատների թիվն ավելացել է, որը կարող է ազդակ հանդիսանալ, որ ներքին միգրացիան դեպի Երևան ավելանա` էլ ավելի նպաստելով տարածքային անհամաչափ զարգացմանը: Բացի այդ` ներմուծման և առևտրի աճը այս պահին պայմանավորված է եղել ավտոմեքենաների ներմուծման մեծ տեմպով, որը պայմանավորված է 2020 թվականի հունավարից սպասվող մաքսատուրքի բարձրացմամբ: Ենթադրաբար, երբ հունավարից Հայաստանը ևս ԵԱՏՄ ստանդարտներով սկսի ավելի բարձր մաքսատուրք գանձել, ավտոմեքենաների ներմուծումները կնվազեն, թերևս միառժամանակ կարող է գրանցվել մեքենաների վաճառքի աճ և արտահանում, բայց դա տնտեսության համար շարունակական էֆեկտ ապահովել չի կարող: