Կառավարությունը լուծարեց «Գյումրու տուն-ինտերնատը»
Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանից (մեկ անդամ) ներկայացուցիչներին։
Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաս¬տանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
Կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմա¬կերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանց¬վում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:
Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաև ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին: