Նույն չափ գազի ու լույսի գումար ենք վճարում. ոչ մի արտոնություն /վիդեո/
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում աշակերտների թիվը պակասել է: Henaran.am-ին դպրոցի ուսուցիչները պատմեցին, որ գյուղից արտագաղթ կա: Պատճառը ոչ թե կրակոցներն են, այլ առաջին հերթին աշխատավայրերի պակասը: ”Կրակոցների ժամանակ էլ ենք դասեր շարունակում անել, չենք ընկճվու, բայց երբ մնում ես միայնակ անպաշտպան թշնամու դեմ, հայրենիքը որքան էլ կանչի, անհանգստանում ես երեխաների ապագայի համար, մտածում ես հայրենիքը լքելու մասին”,-նշեց հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհի Մերի Ավալյանը:
”Մենք մնում ենք, որովհետև աշխատանք ունենք, շատ ջահելներ էլ, որ գնում են, աշխատանք չունեն”: Ուսուցչուհու խոսքով` հողն իրենց չի կերակրում: ”Մոտ տասը տարի առաջ հողի գործը լավ էր, հիմա բերքատվությունը լավ չի, հողերի մեծ մասը գտնվում է թշնամու կրակի տակ, ութսուն տոկոսը չի մշակվում”: Մերին հիշում է` տարիներ առաջ գյուղում ոչ մի անմշակ հող չկար, նույնիսկ հողատարածքների կռիվ էր:
Նոր ձևավորված Կառավարությունից Մերին և մյուս ուսուցչուհիները ակնկալում են, որ սահմանամերձ գյուղերին արտանություններ կտրվեն: ”Աշխատավարձերը ցածր են, քանի որ աշակերտների թիվն էլ քիչ է: Մեր դժգոհության մեծ մասն այնտեղից է, որ սահմանամերձ գյուղին առավելություն չկա, նույն չափ գազի, լույսի գումար ենք վճարում, ոչ մի արտոնություն չի տրվում, մենք ու ոչ սահմաներձ գյուղում գտնվողը նույն կարգավիճակում են համարվում, բայց այդպես չէ, մենք կրակոցի տակ ենք ու երեխաները վախենում են, գոնե կեսը վճարեինք”: