Հարցազրույց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ
– Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ձեզ համար սպասելի՞ էր։

– Սպասելի էր, եւ այն մեզ մոտ զարմանք չի առաջացնում, որովհետեւ 1․5 տարի շարունակ գիտեինք, որ ՀՔԾ-ն այն մարդկանցից, որ հրավիրում էր իր մոտ, փորձում էր բոլոր հնարավոր միջոցներով փաստեր կորզել Սերժ Սարգսյանի դեմ։ Մոտավորապես այս բնույթի․ «Մենք գիտենք, որ դու մեղք չունես, քեզ ասել են, դու արել ես, ուղղակի իր անունը տուր»։

– Ի՞նչ գործերով։

– Ցանկացած։ Շատ-շատերին, որ հրավիրել են ՀՔԾ, ինչ-որ գործով է անցել, նպատակը մեկն է եղել, որ որեւիցե մեկը որեւիցե ձեւով Սերժ Սարգսյանի անունը տա, որ իրենք կարողանան քրեական գործ հարուցել։ Հետաքրքիրն ինչ է․ տարիուկես պեղեցին, պեղեցին, պրպտեցին, ու, էն որ ասում է՝ «Լեռը երկնեց եւ մուկ ծնեց», սա է՝ գտան, որ, ըստ իրենց, Սերժ Սարգսյանն առաջարկել է կամ հանձնարարել, որ մրցույթն ինչ-որ մեկին տան եւ այլն։ Նախ՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի ո՛չ ընկերն էր, ո՛չ մտերիմը, ո՛չ բարեկամը։ «Օրինաց երկրից» առաջադրված նախարար էր, եւ նրանց անձնական մտերմությունն այն չէր, որ եթե ինքն ուզենար, որ այս մրցույթն այդ ընկերությունը շահեր, նրան հանձարարեր։ Եթե նա ուզենար, որ դա այդպես լինի, էնքան մարդիկ կային, որ Սերգոյին կհանձնարարեին, եւ Սերգոն կաներ։ Եվ Սերժ Սարգսյանը չէ, որ պետք է Սերգոյին ինչ-որ բան հանձնարարեր։ Միայն մանկամիտը կարող է մտածել, որ երկրի նախագահն իրեն անծանոթ․․․

 

– Ինչո՞ւ անծանոթ, նախարար էր նշանակել։

– Նախարար էր նշանակել, բայց իր ընկերը չէր, իր վստահելին, եւ այն մարդը չէր, որպեսզի ինքն անձամբ նրան հանձնարարեր։ Շատ լավ ճանաչելով նախագահին, նաեւ լինելով պետական կառավարման համակարգում՝ կարող եմ ասել, որ ինքը Սերգոյին հանձնարարություն չէր տա։ Հարց՝ ինչո՞ւ է Սերգոն ասել։ Եթե ՀՔԾ-ին պետք լիներ, որ ասեր չգիտեմ․․․ առաջին կամ երկրորդ համաշխարհային պատերազմն ինքն է սկսել կամ Քենեդուն ինքն է սպանել, վստահաբար, Սերգոն կարող էր ասել՝ այո։ Եվ ես դեմ եմ, որ Սերգոյին մեղադրում են, հայհոյում են, պետք չէ մարդուց եւ յուրաքանչյուրից ակնկալել մեծ կամային հատկանիշներ։ Այդ մարդուն էն իրավիճակի մեջ են գցել․․․

– Դե, հո եղունգները չե՞ն քաշել։

– Այսօր կարդացի, որ օգոստոս ամսից էդ պրոցեսը սկսվել է։ Կարող են բարոյահոգեբանական իրավիճակ ստեղծել, որ․․․ փաստաբանն էլ խոսում է, որ նա դողդողում էր, լարված վիճակում էր, չէր կարողանում ստորագրել․․․ Ուղղակի, ես կարծում եմ, որ Սերգոն երբ մրցույթի հաղթող է ճանաչել սրան կամ նրան, քննչական մարմինները կամ հետագայում դատարանը պետք է կարդար այն հիմնավորումները՝ ինչու էս մեկին է տվել, էն մյուսին չի տվել։

– Կարծեմ՝ եղել է առերեսում, եւ չի կարողացել նայել Սարգսյանի դեմքին։

– Այո, ես դրա համար եմ ասում, ես հասկանում եմ Սերգո Կարապետյանի վիճակը։ Ամեն մարդ չէ, որ կարող է նման իրավիճակներում դրսեւորել ինչ-ինչ կամային կամ գերմարդկային, կամ բարձր մարդկային հատկանիշներ, եւ այդ առումով չեմ ուզում նրան մեղադրել։ Ճնշել են էդ մարդուն, եւ նա ստիպված կուլ է գնացել այդ ճնշումներին եւ դրա դիմաց երաշխիքներ է ստացել, որ իրեն հանգիստ են թողնելու։ Դա նոր ու եզակի երեւույթ չէ, մեր ականջին պարբերաբար հասնում էր, որ շատ-շատերին են առաջարկել։

– Անուններ կտա՞ք։

– Ես չեմ կարող նշել, որովհետեւ էդ արդեն կլինի շատ պատասխանատու։ 1․5 տարի պեղելուց ու պրպտելուց հետո կարողացել են գտնել մի անհեթեթություն։

– Մարտի 1-ով չե՞ն փորձել։

– Բոլոր դրվագներով փորձել են գտնել որեւիցե մեկին, որ ասի՝ այո, իրեն է հանձնարարել Սերժ Սարգսյանը։ Ի վերջո, գտել են այն մեկին, որն այդ ճնշումներին չի դիմացել։

– Այդ մեղադրանքից հիասթափված են նաեւ նրանք, որոնք պահանջում են պատժել, կախել բոլոր թալանչիներին։ Ասում էին, որ շատ «թույլիկ» մեղադրանք է։ 

– Տարիներ շարունակ հասարակությանը կերակրել են համատարած թալանի գաղափարով, որ պետական բյուջեի 40, 60 տոկոսը թալանել են, եւ հիմա արդեն առաջանում է հանրային պահանջ․ «Բա ասում էիք՝ միլիարդներ են թալանել, բա ասում էիք՝ մեշոկներով Բաղրամյան 26 փողեր են տանում, բա գտեք, բա ո՞ւր են, ցույց տվեք մեշոկներով փողերը, բյուջեի 40 տոկոս լափվածը»։ Եվ կարողացել են ընդամենը մի մրցույթի հետ կապված․․․ իբր, նա հանձնարարություն է տվել։ Դրա համար էլ էդ արմատական տրամադրվածներն ասում են՝ «բա, այ ձեր ցավը տանեմ, բա 10 տարի է՝ ասում եք․․․ բայց խոսքն ընդամենը մի մրցույթի մասին է, որ նա, ենթադրենք, կողմնորոշել է, թե ով մրցույթում պետք է հաղթի։ Սա՞ է ընդամենը»։

– Սերժ Սարգսյանը Զագրեբում խոսեց այն մասին, որ իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին տալու համար։ Դավադրությունների տեսությունից կա վարկած, որ ամեն ինչ պայմանավորված էր․ օրինակ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնեց ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։

– Գիտեք, ես չեմ ուզում մտնել այդ դաշտը եւ քննարկել։ Դա անցյալ է այլեւս։ Եթե յուրաքանչյուրը վերապրելու լիներ վերջին 2 տարին, կարող է եւ ուրիշ ձեւով ապրեր։ Բայց այս ամեն ինչի մեջ բացասականը տեսնելով՝ մտածում էինք, որ գուցեեւ պետության համար լավ է՝ տեսնելով ժողովրդի խանդավառությունը, վստահությունը։

– Կա՞ այդ խանդավառությունը։

– Մեր ժողովուրդը սուլելով Կարեն Դեմիրճյանին ճանապարհեց, հետո մատաղ անելով ոտքերի տակ՝ հետ ընդունեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանին չգիտեմ ինչ ձեւով մերժեց, 10 տարի հետո նրա համար պատրաստ էր կյանքը տալ։ Եվ մեր նորագույն պատմության դրվագները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը կարող է մերժել եւ Աստծո նման ընդունել։

– Կարծում եք, որ կգա՞ ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին Աստծո նման կընդունեն։ Եթե հիշում եք՝ մոտ 10 միլիոն մարդ ցնծում էր։

– Բան չունեմ ասելու, նման ուրախությամբ ու ցնծությամբ իշխանության են բերել Հիտլերին, եւ 70 տարի անց էլ ողջ գերմանացի ազգը մոլորակի առաջ գլխիկոր ման է գալիս։ Ուզում եմ ասել՝ էդ ցնծությունները թողնենք մի կողմ, որովհետեւ ամեն ինչի գնահատականը տալիս է ժամանակը։ Մեծ մարդկանց գնահատականը երբեք էլ չեն կարող տալ ժամանակակիցները կամ նրանց հետ ապրող մարդիկ։ Տեսեք՝ Գարեգին Նժդեհը, որն ապրել ու գործել է մեզնից 100 տարի առաջ, աշխարհաքաղաքական գործոն է․ նրա մասին խոսում են ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում։ Պայքարում են նրա դեմ։ Հիմա։ Ինչի՞ համար, որովհետեւ ե՛ւ նրա գործերը, ե՛ւ գաղափարախոսությունը, ե՛ւ նրա արածն այնքան խոշոր է եղել, որ 100 տարի անցել է, էլի նրա դեմ կռվում ու պայքարում են։ Ուզում եմ ասել՝ մեծերի գնահատականը ժամանակն է տալիս։ Իսկ ո՞վ ասաց՝ այն ժամանակ նրան ընդունում կամ սիրում էին բոլորը։ Եվ եթե Նժդեհին չէին գնահատում, ո՞վ ասաց, որ ժամանակակիցները պետք է էսօր գնահատեն իրենց հզորներին ու հերոսներին։

– Պատմական զուգահեռներ եք անցկացնում, քաղաքականություն մտնելու տրամադրվածություն կա՞, թե՞ սպասում եք պատմության գնահատականին։

– Կուսակցությունն ունի հնարավորություններ՝ ցանկացած բնույթի գործողություններ իրականացնելու համար։ Մենք ուղղակի, մեր գործողություններն ու քայլերն անելուց պետք է 2 սկզբունքով առաջնորդվենք՝ իրավական, օրինականության շրջանակներում եւ արդյունավետության։ Հիմա այլեւս՝ որեւիցե մեկին ձերբակալեցին, թողեցին, քրգործ հարուցեցին․․․ 1 տարի առաջ սենսացիա էր, հիմա դա այնքան շարքային երեւույթ է, որ հանրության համար չկա որեւէ սենսացիա։

– Սպասում եք պատեհ առիթի՞, ասենք՝ Փաշինյանի վարկանիշի անկման։

– Պատեհ առիթի՝ չէ, ի վերջո, քրեական գործ են հարուցել։ Էլ ո՜նց կլինի․․․ մենք կհետեւենք պրոցեսին եւ ըստ այդմ մեր անելիքը կորոշենք։

– Սերժ Սարգսյանն ասե՞լ է, թե, օրինակ, ինչ պետք է անել, եթե իրեն կալանավորեն։

– Մենք գիտենք մեր անելիքը, եւ բոլորին միշտ թվացել է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչում բոլորին անձնապես հանձնարարություններ է տալիս։ Նա ուղիղ որեւէ մեկին որեւիցե հանձնարարություն չի տվել։ Ենթադրենք՝ մենք ինչ-որ գործողություններ ենք արել, հայտարարություն ենք արել, ելույթներ ենք ունեցել։ Ընդունելի կամ ոչ ընդունելի։

– Հիմա, երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին, 2-րդ նախագահի գրասենյակից արձագանքե՞լ են։ Որովհետեւ, կրկին դավադրությունների տեսությունից, հարց է՝ ինչո՞ւ է Քոչարյանը ճաղերի հետեւում, Սարգսյանը՝ ոչ։

– (Ծիծաղում է) Խնդիրն այն է, որ շատ-շատերը, թվացյալ յուրայինները կամ միգուցե՝ յուրայինները, մամուլում մեկ էլ կարդում եմ, որ էդ ո՞նց եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը նստած է, Սերժ Սարգսյանը նստած չէ։ Ուրեմն նշանակում է՝ այ, միասին, Նիկոլի հետ բան․․․

– Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը լիքը հաճախորդներ ուներ եւ սիրում էր այդ մասին հայտարարել, չէ՞։

– Այո։ Ինչեւէ, այդ տեսությունը կար, եւ հավանաբար նաեւ Նիկոլը, որպեսզի այն հերքի, կատարեց նաեւ այս քայլը։ Թեկուզ հերքելու համար։

– Իսկ Քոչարյանի հետ միավորվե՞լ։

– Այս պահի դրությամբ բոլորը տեսնում են այն արհավիրքը, որ գալիս է մեր երկրի վրա։ Եվ այստեղ պետք չէ միավորվել, էս անել, էն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրտացավ են, հասկանում են եւ կարող են գուշակել, թե ինչ են նշանակում այս երեւույթների հետեւանքները, եւ յուրաքանչյուրն իր պայքարի ձեւն ունի։ Եվ եթե նայեք սոցիալական ցանցերը, լրիվ այլ իրավիճակ է, քան 1․5 տարի առաջ։ Երեւի իրադարձությունները կարող են ստիպել, որ մարդիկ միավորվեն։ Միավորվելու ամենակարեւոր գործոնն Արցախի եւ անվտանգային հարցերն են։ Եթե հիշում եք՝ 18-ի մայիսին մեր հարցերը Նիկոլ Փաշինյանին երկուսն էին՝ անվտանգություն եւ Արցախ։ Ուրիշ հարց չենք դրել, որովհետեւ հիմա էլ մեզ քիչ է հետաքրքրում՝ ինքը նոր հարկատեսակ է մտցրել, սոցիալական ինչ քաղաքականություն է տանում, մենք պարզապես կողքից ասում ենք՝ ձեր այս-այս քաղաքականության արդյունքում Հայաստանում ներդրում չի լինելու։ Անցել է 1․5 տարի, կյանքը ցույց տվել է,  չէ՞, որ ներդրումները Հայաստանում զրո են, որովհետեւ չի կարող երկրում նման մթնոլորտ լինի, ու ներդրում լինի։ Մենք ասում էինք, չէ՞, որ Արցախի վերաբերյալ քո հայտարարություններն անհեթեթություն են։ Դու 30 տարվա մեր ջանքերը, հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված հաղթանակը կարող ես դնել վտանգի տակ։ Մի՛ ասա էդպիսի բաներ։

– Դուք եղել եք իշխանություն ու գիտեք, որ ընդդիմությունը շատ է սիրում Արցախի հարցում գույները խտացնել։ Տասնյակ հայտարարություններ այս տարիներին, թե ահավոր լարված վիճակ ու զարգացումներ են սպասվում, կամ հանձնում են շրջանները։ Չհաշված 2016-ի ապրիլը, մյուսներն իրականություն չդարձան։

– Հասկանալու համար՝ մենք խտացնում ենք գույները, թե ոչ, կարդացեք ադրբեջանցիների դիրքորոշումները։ Մեր իշխանության ժամանակ Ալիեւն իր կառավարության նիստին պաշտոնապես հայտարարեց, որ, ցավոք, ողջ աշխարհը հայերի կողքին է, եւ իմ վրա ճնշում կա, որ Ղարաբաղի հարցը լուծվի հօգուտ Հայաստանի։ Դա Ալիեւն է ասել, ես չեմ ասել։ Իսկ հիմա իրենք ուլտիմատումի լեզվով են խոսում։

– Առաջ էլ էին խոսում։

– Այս կարգի ուլտիմատում չի եղել։ Նրանք ասել են՝ եթե ԼՂ հարցը չլուծվի, մենք կլուծենք ուժի դիրքերից, իսկ հիմա կոնկրետ ասում են՝ անվերապահորեն դուրս բերել եւ այլն։ Նման լեքսիկոն, նման արտահայտություններ չեք գտնի վերջին 15 տարվա մեջ, երբ  համանախագահող երկրի արտգործնախարարն ասի՝ «շփումներ Ղարաբաղի համայնքների միջեւ»։ 20 տարի է՝ էդ տերմինը վերացել էր, հասել էինք նրան, որ միջազգային հանրությունը հասկանում էր, որ փախստականներին Ղարաբաղ վերադարձնելը նոր պատերազմ է։ Դա անթույլատրելի է։

Անուշ Դաշտենց

hraparak.am