Լակոտապետությունից՝ անասնապետական փաշիզմ
Նոր Կյանք գյուղը մնաց առանց վարսավիրի, քանզի վարսավիր Սերոբին կոկորդիլոսասեր Գարիկին արտահերթ չսպասարկելու համար ծեծելով վռնդել են գյուղից: Իհարկե, ինչ որ այդտեղ կատարվել է, շատ է հիշեցնում Երվանդ Օտյանի նկարագրած եւ հեղափոխականների ձեռամբ կործանված Ծապլվար գյուղը, գրում է «Իրավունքը» եւ շարունակում.
«Սակայն գործող անձը մարզպետի պաշտոն է զբաղեցնում, իսկ ծեծողները պետականորեն աշխատավարձ են ստանում: Իսկ դա արդեն այլ անուն ունի` ֆաշիզմ: Տվյալ դեպքում կօգտագործենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված եզրույթը` փաշիզմ:
ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԱՍՆԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ
2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից հետո նորահայտ հեղափոխական քայլո իշխանավորներին անմիջապես կոչեցին թրաշամանուկներ, քանզի համատեղում էին «հեղափոխական» մորուքը դեղնակտուց տարիքին վայել անփորձության եւ ինքնավստահության հետ:
Նաեւ հենց այդ ժամանակ համացանցում ծնվեց լակոտապետություն արհամարհական եզրույթը, քանզի նոր իշխանավորները դրսեւորում էին տհաս դեռահասի պահվածք եւ պետական լծակներին վերաբերվում ամենայն անլրջությամբ:
Այն ժամանակ նույն պատանի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա հռհռում էր ամբողջ երկիրը, քանզի չգիտեր, թե հեկտարն ինչ է, ու նաեւ երկար ու բարակ պարզում էր` արդյոք կոկորդիլոսը կենդանի է, թե` թռչուն, եւ ի վերջո, ի լուր աշխարհի հայտարարեց, որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին:
Սակայն թրաշամանուկները իշխանական լծակների համն առնելուց հետո անցան ծայրաստիճան ամբարտավան վարքագծի: Ու սկսվեց իրենց հետ չհամաձայնող կամ չհնազանդվող մարդկանց ոչնչացնելու մոլուցքը: Օրինակն աչքերի առաջ միշտ էլ կար` «ասֆալտին փռող», «պատերով տվող» եւ մշտապես հիսթերիայի մեջ ընկնող Նիկոլը:
Այն, ինչ տեսնում էին իրենց «վոժդի» մոտ, սկսեցին վերարտադրել տեղերում` ավելի գռեհիկ տարբերակով: Եվ արդյունքում ստացանք Գարիկ Սարգսյանի արած այլանդակությունը իր իսկ գյուղի վարսավիրի հանդեպ: Իսկ ավելի վաղ նա սեփական որոշումով պաշտոնանկ էր արել ժողովրդի ընտրած գյուղապետին եւ նրա փոխարեն ոստիկանների օգնությամբ գյուղապետարան բերել մի քանի անգամ պակաս քվե հավաքած, պարտված թեկնածուին:
Ոչ պակաս այլանդակ էր եւ Սարգսյան ազգանունը կրող մեկ այլ, արդեն նախկին մարզպետը`Տրդատ անունով, ում մեղքով բանակային փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է: Մխիթարյանի եղբայրը` Կարենը, վրդովված նշում էր, որ Քննչական կոմիտեն անտեսել է չորս սպաների ցուցմունքները, համաձայն որոնց` մարզպետը դեպքի վայրում եղել էր…
Դե, գեներալ Մանվելի ասած` մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ, հետեւաբար պետք չէ զարմանալ, որ Տրդատ Սարգսյանը ընդամենը հրաժարականով պրծավ: Կարող էին դա էլ չանել, չէ՞ որ բանակն ու զինվորականը այս սորոսանիկոլական խունտայի համար ամենաատելի կոնտինգենտն է:
Այդպիսի դրսեւորումները ամենուրեք են: Մեծ եւ փոքր մասշտաբներով: Ու հասան նաեւ դատարան:
Եվ եթե սկզբում, արդարադատության հերն անիծելով եւ դատավորներին «վնգստացնելով» դատավարության արտաքնապես կիրթ տեսքը պահպանում էին, Ռոբերտ Քոչարյանի վերջին դատական նիստին արդեն բանը հասավ իսկական խուլիգանության:
Եթե դատական նիստի ժամանակ դատախազն արդեն փողոցային ժարգոնով փաստաբանի վրա գոռում է «ձենդ կտրի, արա», եւ եթե «կալբաս գողցող Նելլի» մականունով հայտնի նիկոլազոմբի վատահամբավ ակտիվիստուհին անպատիժ ապտակում է ոստիկանին եւ դատախազին երաշխավորում, թե` դու պրոբլեմ չունես, ապա մնում է փաստել, որ փաշիստական-անասնապետական բարքերն արդեն ամենուրեք են:
Դրանք, անկասկած, առավել վատթար են, քան ֆաշիզմն ու նացիզմը, քանզի վերջիններս իրենց ողջ մարդատյաց բնույթով հանդերձ, այնուամենայնիվ, ամբողջական գաղափարախոսություններ են: Իսկ Նիկոլը, ինչպես հայտնի է, մշտապես պնդում է, որ մերժում է գաղափարախոսությունները, «իզմերը», ինչը Ռոբերտ Քոչարյանի դիպուկ դիտարկմամբ, նշանակում է մեկ այլ «իզմ»` պոպուլիզմ:
Իսկ այս պահին ամբողջովին վարկաբեկված եւ քաղաքացիների զզվանքը հարուցող պոպուլիզմը առաջ է տարվում այն մեթոդներով, որոնք ընդօրինակվել են ֆաշիստներից, նացիստներից, բոլշեւիկներից, մասամբ էլ`ամենահասարակ բանդիտներից»: