Քննչական կոմիտեն ստո՞ւմ է: Ո՞ւմ է փրկում. 168 Ժամ
Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո:
Սպայի ընկերներն ու հարազատները պնդում էին, որ մարզպետը նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքից հետո տևական ժամանակ Արա Մխիթարյանը գտնվում էր կոմայի մեջ: Լրատվամիջոցների հետ զրույցներում նրա ընկերներն ու հարազատները, դեպքից իրազեկ աղբյուրներն ասում էին՝ «մինչ բժիշկները պայքարում են Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար, մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է»:
«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել էր աղբյուրը:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել էին Տրդատ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:
Մինչդեռ վերջինը կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ից, գտնվել է Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23:55-ին և սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ի դրությամբ ավարտվել է: «Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00:20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը»։ Ըստ ՔԿ-ի՝ փորձաքննությամբ Տրդատ Սարգսյանի բնակավայրի տեսագրության մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել:
«Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով: Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Առողջական ծանր վիճակում գտնվող սպայի ընկերներն ու աջակիցները, սակայն, չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին։
«Այլընտրանք» հ/կ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, ով ավելի վաղ իր ընկերների հետ բողոքի ցույց էր կազմակերպել գործի արդար քննության համար, «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին չի հավատում: «Վստահ եմ, որ կողմնակալություն կա: Ես անձամբ եմ զրուցել դեպքի մասնակից մյուս սպաների հետ, ովքեր պնդում են Տրդատ Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց Նարեկ Մանթաշյանը: Մեր զրուցակիցը մշտական կապի մեջ է Արա Մխիթարյանի ընտանիքի հետ, ասում է՝ նրա ծանր վիճակը դեռ անփոփոխ է:
«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը ևս չի հավատում ՔԿ պնդումներին. «Եթե Տրդատ Սարգսյանը ներգրավվեր՝ որպես մեղադրյալ, պատասխանատվությունը կընկներ Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ իր թիմակիցն է։ Ես չեմ հավատում Քննչական կոմիտեին։ Հենց դրա համար էլ Վայոց ձորի մարզպետ նշանակեցին Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբանին։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, կողմնակալ քննություն է գնում»,- մեզ հետ զրույցում ասել է նա:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: