23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն». Ռուսլան Բաղդասարյան

«168TV»ի «Ռեվյու» հաղորդման հյուրը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն է

– Պարոն Բաղդասարյան, Ձեզ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ նախնական տվյալների` Ձեր բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: Ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

– Իհարկե չեմ ընդունում այդ մեղադրանքը: Ընդհանրապես այս ընթացքում չեմ խոսել այդ իրավական պրոցեսների վերաբերյալ, այն թողել եմ իմ փաստաբանին՝ Հրանտ Անանյանին: Ինքն է մեկնաբանում, իր դաշտն է: Բայց մի բան կասեմ, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել իմ անձի նկատմամբ: Մասնավորապես՝ երեկ ոստիկանության կողմից է տեղի ունեցել ապօրինություն: Ես, չլինելով մեղադրյալ, կասկածյալ, որևէ կարգավիճակ չունենալով հանդերձ, ցանկացել եմ երկրից դուրս գալ՝ անձնական խնդիրներով, որը հրապարակայնացնելու ցանկություն չունեմ: Երկրից պետք է բացակայեի 3 օրով, և հանկարծ պարզվում է, որ իմ ելք ու մուտքն արգելափակված է: Ինձ ոստիկանության մի աշխատակից մոտեցավ, ներկայացավ, հիմք պահանջեցի, որևէ հիմք չներկայացրին, ասացին՝ հիմքը Ոստիկանության 6-րդ վարչություն կոչված ստորաբաժանումից պետք է պահանջեմ: Փաստաբանս եկավ օդանավակայան, զանգեց տվյալ աշխատակցին, ասաց, որ ապօրինի է փակված իմ ճանապարհը, նա ընդունեց, ասաց՝ հիմա կբացենք, բայց չբացեցին, ինքնաթիռը մեկնեց, փաստաբանս հաղորդում տվեց 1-02-ով:Փաստաբանիս հետ պատրաստվում ենք դիմել ՀՔԾ: Նման ապօրինություններ չենք հանդուրժելու: Երեկ առավոտյան թռիչքն էր, ու նրանք իրավունք չունեին իմ ճանապարհը փակելու: Դրանից հետո, երեկ՝ կիրակի օրով, ծանուցում եկավ՝ ժամը 16:00-ին ներկայանալ, գնացել եմ Քննչական կոմիտե, անմիջապես մեղադրանք առաջադրվեց և կալանավորման միջնորդություն ներկայացվեց: Դատավորը եկավ, երկու կողմերին էլ լսեց, հետաձգեց այսօր 12:00-ին՝ իր որոշումը հրապարակելու ժամը, այսօր էլ հրապարակեց և կիրառեց գրավ՝ որպես խափանման միջոց:

– Դուք ասացիք, որ չեք ընդունում ձեզ առաջադրված մեղադրանքը, նաև նշեցիք, որ ապօրինի թույլ չեն տվել, որ դուրս գաք երկրից, այսինքն՝ ըստ Ձեզ՝ այս ամենն ի՞նչ է նշանակում, արդյո՞ք սա համարում եք Ձեզ լռեցնելու փորձ:

– Իհարկե: Նախ ասեմ, որ տվյալ աշխատակիցը հաստատ պատժվելու է օրենքի խստությամբ, որովհետև պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել: Եթե ես մեղադրյալ չեմ, կասկածյալ չեմ, ինչո՞ւ են իմ ճանապարհը փակել: Եթե հաշվի առնենք, որ այսօրվա ոստիկանապետին, որ նշանակվել է, մեծ «ամագ» ունի այսօրվա քաղաքապետը, ինձ հասած լուրերի համաձայն՝ ինքն է միջնորդել, որպեսզի այսօրվա ոստիկանապետը նշանակվի ԺՊ: Եվ արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում:

– Ձեր հրապարակային քննադատական գործունեությունը շարունակելո՞ւ եք, թե՞ սա կարող է զսպաշապիկ լինել:

– Նախ՝ իմ քննադատելը վա՞տ է: Ես, օրինակ, երանի կտայի, որ իմ աշխատած տարիներին ինձ նման քննադատ ունենայի. բովադակային, առարկայական քննադատեր և առաջարկեր իր տարբերակը, չէ՞ որ ես հիմա դա եմ անում, թեկուզ, մեծամասամբ ես ասում և ապացուցում եմ, որ իրենք խաբում են երևանցիներին, պոպուլիզմով են զբաղված: Իսկ ինձ անհնար է լռեցնել, եթե նույնիսկ կալանավորեն, հաստատ այնտեղից, թեկուզ գրավոր, ես իմ ասելիքը հաստատ կհասցնեմ երևանցիներին:

– Այսինքն՝ չեք բացառում, որ կարող են նաև կալանավորել:

– Իհարկե, ո՞վ է երաշխավորված: Այսօր այնպիսի մարդիկ են նստած, ես ո՞վ եմ, որ ինձ չնստեցնեն:

– Ճի՞շտ է, որ վաճառում եք Ձեր տունը:

– Ո՛չ, իհարկե ո՛չ: Ասեմ ավելին՝ ես մեծ ցանկություն ունեմ իմ տունը փոխարինել ավելի մեծ տնով, ուղղակի հիմա դրա ժամանակը չէ: Ասեմ ավելին՝ Դավիթաշենից դուրս չեմ գալու, ապրելու եմ այնտեղ:

– Հայաստանից հեռանալու մտադրություն չունե՞ք:

– Երբևէ չեմ ունեցել, չունեմ, չեմ էլ ունենալու՝ ի տխրություն շատ-շատերի:

– Իսկ այս քրեական գործի շրջաններում ի՞նչ եք պատրաստվում անել, պայքարելո՞ւ եք մինչև վերջ:

– Այո, մինչև վերջ: Ես այսօր և՛ դատարանում, և՛ քննիչին խնդրել եմ՝ արդար քննություն իրականացնել:

– Հավատո՞ւմ եք, որ արդար քննություն կիրականացվի:

– Թույլ չեմ տա ապօրինություն իմ նկատմամբ: Օրենքի հնարավոր բոլոր միջոցները կիրառելու եմ: Ոստիկանությունը չպետք է ծառայի քաղաքապետի անձնական ամբիցիաները բավարարելուն: Սա պետություն է, սա ինչ-որ մեկի դուքանը չէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ