Վերադարձ անհայտությունից
Երբ թվում է` այլևս վերադարձ չկա: Չերչիլն ասում էր` քաղաքականության մեջ քեզ կարող են մի քանի անգամ սպանել, ու սեփական օրինակով մոխիրներից հառնելու մանր քայլերի արվեստն էր ցուցանում: Չերչիլին թողնենք հանգիստ, «հաշվենք» Սերժ Սարգսյանի նախորդ օրը հնչեցրած մտքերի կոդերը. բանալիներ կային այնտեղ` երեկվա-այսօրվա-վաղվա, որոնք էական նշանակություն ունեն: Նկատենք` նրա բանավոր խոսքը կառուցված էր խիստ գրագետ, հնչում էին մտքեր, որոնց ենթաշերտերում չասված մտքեր կային:
Ազդանշանում առաջին` Ղարաբաղյան խնդիր. «Վախեցել եմ կորցնել Արցախը, որի կորուստը մեծ վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած` վերջին մասին»: Նկատենք բառը` «վերջին»: Խախտելով դարից երկար տևած լռությունը, սկսելով չափաբանությունը Ղարաբաղից, արտաքին և ներքին քաղաքական իրավիճակներին փայլուն տիրապետող անձը չէր կարող բացարձակապես «արգելակներ» չունեցող պոպուլիստների հենց այնպես նման ազդակ հղել. նշանակում է` ընդերքային-անտեսանելի գործընթացներ են տեղի ունենում Արցախյան հարցում, որոնցից ոչ միայն ինքը, այլև «կատարյալ հիմարները» պետք է վախենան: Տես` Սիրիայի շուրջ ռուս-թուրքական զարգացումները, Հայոց ցեղասպանության շուրջ թուրք-ամերիկյան աճուրդը:
Ազդանշանում երկրորդ` ասվեց «կատարյալ հիմարներին», որ իր (հավելենք` Հրայր Թովմասյանի, Արսեն Բաբայանի, Արա Բաբլոյանի, այլոց) ձերբակալությամբ Արցախի խնդիրը, բանակցությունները հաստատապես չեն վերադառնա «ճիշտ» հուն, դրանք դուրս են թռել «հունից»: Հասկանալի է, չէ՞, որ օրվա բանախոսն ավելին գիտի բանակցությունների, «սեղանին» դրված ձևաչափերի մասին և հորդորում է «սեղանը» չծածկել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ծխածածկույթով, քանզի ուղտը դռանը չոքել է արդեն: Ի դեպ, Կոելյոն ասում է` ձին (Սերժ Սարգսյանը Ձիու տարում է ծնվել) հավատարիմ կենդանի է. դժվարություններով, բայց մի կերպ հասնում է նպատակակետին, իսկ ահա ուղտը քայլում-քայլում է երկար, կարծես ամեն ինչ լավ է, մեկ էլ ծնկում է ու… սատկում:
Բանախոսը շատ հստակ հասկացնում է` ձերբակալություններով ոչ մեկին չես վախեցնի. դրանք արդեն դարձել են կենցաղ. անհրաժեշտ «էֆեկտ» դրանցից քամել այլևս անկարող ես: Ազդանշանում երրորդ՝ որոշումներին առնչվող. «կատարյալ հիմարները» փոխում են իրենց որոշումները ազդեցությունների ներքո: Այստեղ պետք է ձգենք պաուզան` մի քանի բաղադրիչով: Այս խոսքերից հետո անմիջապես մեջլիս մտան «կատարյալ հիմարները» և, փաստարկներով առարկայնորեն ապացուցելու փոխարեն, որ իրենք «հիմար» և «ազդեցության» տակ չեն, որ պետական շինարարություն են իրականացնում, կմկմացին «բա որ», «բա էն, որ», «բա ինչու» հայտնի շուտասելուկը` ձևախեղելով հնչած «որոշել» բառը` «խոստանալ» բառաեզրույթով: Իհարկե, կարելի է շատ ուղիղ հարցնել. ձերդ հիմարություններ, իսկ եթե նա իրոք որոշել է գծել այն սխեման, որի մասին պարտավոր չէր նաև ձեզ տեղյակ պահել, որպես ստրատեգ, ինչու՞ եք կակազում ԵԱՏՄ-ի դռների տակ, նրա համար կարված, բայց ձեր կատարելագույն «հիմարի» կողմից հագած, ոչ մի կերպ հագից, անգամ «գիշերները»` ցանկացած սպառնալիքի ներքո հագից չհանող կոստյումի «պատերի տակ», ինչու՞ է օրը երեքից-քսանչորս անգամ փոխվում ձեր «գերագույնի» կարծիքը Ղարաբաղյան խնդրի, կիրթ Ալիևի, «դարագոյ» Պուտին Վլադիմիրիչի, Հայաստանի գեոքաղաքական կողմնորոշումների մասով: Բայց մենք ժամանակ չունենք կորցնելու «հիմարությունների» վրա։
Չորրորդ ազդանշանում. շատ կարճ` ընդամենը երկու պարբերության, սակայն խիստ տարողունակ մտքերի մեջ նորը Սերժ Սարգսյանի «ստիլիստիկան» էր (նկատեցի՞ք՝ բավականին նիհարել էր, «մինիատյուրացել», ասում են` լրջորեն սպորտով է զբաղվում)։ Եվ ուրեմն, նորը Սերժ Սարգսյանի ցայս երբևէ չհանդիպած (և այն էլ բանավոր խոսքում) նրբագեղ հեգնանքն էր` մեկ-երկու բառով` «հիմարների» ողջ «հմայքը» ցուցանելու մաստեր-կլասով. «Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա, և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն»…
Սարկազմը սպանիչ է:
Մի խոսքով, ասվեց. դուք, սիրելի նորեր, նրանց պարագլուխ վարչապետ, որ իշխանության եք եկել փողոցից, շանտաժով, ժողովրդին, իրականում՝ ամբոխին մանիպուլացնելով, ուլտիմատում դնելով նրա առաջ` կամ ես, կամ ոչ մեկը, որ ապազգային ու ապաարցախյան, ապատնտեսական և ցնցվող պոպուլիզմի ակտեր եք իրականացնում, տրանսգենդերն եք բուծում, եկեղեցի ոչնչացնում, հայոց լեզու ապականում` ձեր ազդեցության «գործակալներով» ու նրանց հայրերի ուղենշմամբ, դուք վախկոտ եք, ձերդ «գերազանցություններ»։ Փաստի արձանագրման «ժամկետը մոտենում է»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Աղբյուրը՝ irates.am