23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մատնիչների, մատնագրերի, պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում . միշտ գալիս է հետոն … »

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ է՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:

Հանձնաժողովի նախագահն արձանագրում է, որ առկա է բաց կոնֆլիկտ` մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, և որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատություններինը:

Սա դիվանագիտորեն ձևակերպված կարևոր խնդիր է, որն անթույլատրելի է անտեսել:

Հայտարարությունը կարող էր լինել ավելի կոշտ կամ ավելի մեղմ՝ դրանից մեծ բան չի փոխվում։ Սա այն դեպքն է, երբ փաստն ավելի կարևոր է, քան ձևակերպումների նրբությունները։

Միջազգային տարբեր կառույցների կողմից հնարավոր արձագանքի մասին մենք վաղուց էինք ահազանգել. հիմա սկսվելու է դրանց շքերթը։ Սպասեք մեկը մյուսի ետևից ավելի կոշտ և ավելի ոչ երկիմաստ արձագանքների։

Դատական համակարգի նկատմամբ գործադրվող ճնշումների, իրավական ռեպրեսիայի դրսևորումների, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ նմանատիպ և ավելի կոշտ հայտարարությունների հավանականությունը գնալով ավելի մեծանում է:

Ուստի հարկ եմ համարում ևս մեկ անգամ ահազանգել՝ վաղը, մյուս օրը, յուրաքանչյուր հաջորդող օր մենք ունենալու ենք մարտի 1-ի գործի վերաբերյալ, Վիկիլիքսի տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի և Մանվել Գրիգորյանի տանջամահություն հիշեցնող կալանքի վերաբերյալ միջազգային կառույցների ավելի կոշտ արձագանք: Եվ հետո զարմանքը կամ իրարամերժ գնահատականները, ինչպես այս օրերին են հնչեցվում, ոչ մի արժեք չեն ունենալու, Հայաստանին ոչինչ չեն տալու, բացի միջազգային հարթությունում հեղինակության կտրուկ անկումից:

Գիտեք, դատավոր Արմեն Դանիելյանի պահվածքը, որը չթույալտրեց պաշտպանական կողմին իր տեսակետները ներկայացնել, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ անտեսել ՍԴ որոշումը և այլն, չեն կարող անհետևանք մնալ։ Դրանք ստանալու են իրենց իրավական գնահատականը։

Որևէ դատախազ, ՀՔԾ քննիչ կամ ղեկավար երբեք չպետք է մտածի, որ կարող է անել ցանկացած պատվեր կամ ավելի վատ՝ սեփական նախձեռնությամբ ցանկացած անօրինականություն, ու դա կմնա անհետևանք։ Ժամանակները և մթնոլորտը շատ արագ են փոխվում. հիմա 21-րդ դար է։ Մատնիչների, մատնագրերի, պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում։ Իհարկե, մի կարճ փուլ կարելի է ապահովել՝ խեղելով թե մարդկային ճակատագրեր, թե իրավապահ համակարգը։ Բայց միշտ գալիս է հետոն…

Մենք իսկապես հայտարությունում նշված զսպվածության, փոխադարձ հարգանքի և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության անհրաժեշտությունն ունենք՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վերահաստատելու համար:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ