25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է քարոզում ”Հայ եկեղեցու պատմությունը” հանրակրթական դպրոցում

Կրթության նախարարությունը պնդում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան քարոզչություն չի իրականացնում և չունի անհանդուրժողականության որևիցե դրսևորում, սակայն փորձագետները համաձայն չեն այս պնդման հետ:

«Առաջարկում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխարհիկ հիմքերի վրա կազմել քրիստոնեական դաստիարակության դասընթացներ` որպես այլընտրանք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային»,- ասաց հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:

2013թ. հունիսին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երեխայի իրավունքների հանձնաժողովի՝ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում ներառվել էր առաջարկություն՝ «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը:»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, ասել է, որ  նախարարությունը չի ընկրկի և արեւմտամետ ՀԿ-ները ԿԳՆ-ին չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը:

«Հայ եկեղեցու պատմության դասագրքում ամբողջացվում է հայ ազգի նկարագիրը, սակայն կա անդրադարձ նաև հին կրոններին` օրինակ` զրադաշտականությանը, բուդդայականությանը, հինդուիզմին, ինչպես նաև քրիստոնեական այլ ուղղություններին», – պարզաբանեց Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:

Բանախոսը նշեց, որ մինչ այս պահը պատկան մարմինները չեն ստացել ոչ մի գրավոր բողոք դիմում ո´չ ծնողներից և ո´չ ուսուցիչներից: Ընդհակառակը, դպրոցներում անցկացրած հարցումների ընդհանուր առմամբ 1500 հարցաթերթիկում աշակերտներն ու ուսուցիչներն ընդգծել են առարկայի կարևորությունը ու գրել շնորհակալական խոսքեր: Հիմնվելով այդ հարցաթերթիկների մեջ եղած առաջարկների վրա` Հայ եկեղեցու պատմության դասագրքերը վերանայվել ու բեռնաթափվել են:

«2007թ. ես առաջարկել եմ կազմել հոգևոր դաստիարակության դասընթաց, սակայն իմ առաջարկը մերժվել է: Իսկ այժմ Կրթության և գիտության նախարարությունը փակ է առաջարկների համար», – հայտարարեց Արմինե Դավթյանը` նշելով, որ ԿԳՆ-ն չի տրամադրում տարրական դասարաններում դասավանդվող Քրիստոնեական դաստիարակության դասագրքերն ուսումնասիրության համար:

Արմինե Դավթյանը վստահ է, որ դասագրքերի որոշ նյութեր դոգմատիկ են` որպես օրինակ բերելով աշխարհի ստեղծման մասին նյութը:

Բանախոսն անդրադարձավ ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին` նշելով, որ հասարակության այդ խմբերը խուսափում են բարձրաձայնել իրենց բողոքը վախի պատճառով, սակայն այդ բողոքներից մի քանիսը ներկայացված են 2012թ. իրենց կազմած ձեռնարկում:

«Իսպանիայում նույնպես դասավանդում են «Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ Իսրայելում կա «Ինքնանույնականացման» առարկա: Ինչու՞ ՄԱԿ-ը խորհուրդ չի տալիս այս պետություններին վերացնել այդ առարկաները», – հարցնում է Հասմիկ Մարգարյանը:

Տիկին Մարգարյանը մեջբերեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական  հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը:

«Այդ օրենքը հակասում է բոլոր կոնվենցիաներին, քանի որ չի կարելի պարտադրել սեփական կրոնական համոզմունքները հանրակրթության մեջ», – հակադարձեց Արմինե Դավթյանը՝ եզրափակելով, որ ամենակարևորն ուսուցչի գործոնն ու դասագրքի բովանդակությունն են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ