16 տոկոսով նվազել են օտարերկրյա ներդրումները, 77 տոկոսով՝ վերաներդրումները. տնտեսական հեղափոխության միֆը
«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը» ուսումնասիրել է վերջին մեկուկես տարվա ՀՀ տնտեսության զարգացումները և կատարել համեմատություն նախկին տարիների հետ: Իշխան Կարապետյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշներն ու կառավարական ծրագրերը համադրելի չեն տնտեսական հեղափոխության հետ, որի մասին հայտարարում է գործող իշխանությունը: Յուրաքանչյուր երկրում ներդրումների համար պետք է լինի համապատասխան գործարար միջավայր, իսկ այն, ինչ տեղի ունեցավ օտարերկրյա ներդրողների հետ, դրան չի նպաստում:
Օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա: Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարինե Առաքելյանը: Նա անդրադարձավ ցուցանիշներին և խոսեց նաև ներդրումների նվազման պատճառների մասին: Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում 16 տոկոսով նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները:
Մարինե Առաքելյանը փաստում է՝ ներդրողների համար շատ կարեւոր է կայուն եւ կանխատեսելի իրավական-տնտեսական միջավայրը, ինչը բացասական սպասումներ է ձեւավորել ներդրողների մոտ: Եթե նայենք 2019թ. առաջին կիսամյակի ցուցանիշները, շուրջ 77 տոկոսով նվազել են վերաներդրված միջոցները: Մասնագետների կարծիքով՝ սա լուրջ մտածելու տեղիք է տալիս: