Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը փոխգնդապետի դաժան ծեծին դեռ ճշտվում է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։ Մինչդեռ մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։ Քննչական բաժինը այս պահին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյո՞ք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցել է դաժան ծեծին: