07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Ձեռք մեկնիր եղբորդ»: Գուգարաց թեմի ձեռամբ 29-րդ բնակարանը տրվեց բազմազավակ ընտանիքի

«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը» կարգախոսի համաձայն Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն  ծրագրով հատկացվեց 29-րդ բնակարանը կարիքավոր, բազմազավակ ընտանիքի:

Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ ռուսաստանաբնակ երիտասարդ գործարարներ Արգիշտի և Էդգար Էվոյանների կողմից Վանաձոր քաղաքի, Չերկասի 1/17 հասցեի բնակարանը գնվեց և իբրև նվեր հատկացվեց Վանաձոր քաղաքում  բնակվող Միտիչյան ընտանիքին:

Միտիչյանների ընտանիքը բաղկացած է 7 անձից՝ հայր, մայր և հինգ անչափահաս երեխա: Ընտանիքը երկար տարիներ ապրում էր Վանաձորի Բուլղարական 1-ին ավան 17 հասցեում գտնվող թիթեղաշեն տնակում:

Շարունակական տնայցերից և հանդիպումներից հետո Սեպուհ սրբազանը՝ հանձնախմբի հետ  համախորհուրդ, որոշեց այս ընտանիքին ևս սեփական տանիք ունենալու հնարավորություն ընձեռնել:

Սրբազան Հոր նախագահությամբ բնակարանամուտի առթիվ  Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ՝ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը, «Առավոտ» բհկ տնօրեն Մարգարիտա Շահվերդյանը, Վանաձոր փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետի խորհրդական Հարություն Այվազյան:

Սրբազան Հայրը, տնօրհնեքի ավարտին, ընտանիքին հանձնեց բնակարանի սեփականության վկայականը և օրհնված փայտե խաչ: Ներկաները շնորհավորեցին ընտանիքի անդամներին բնակարանամուտի կապակցությամբ: 

Ուրախությամբ հայտնում ենք մեր ընթերցողներին, որ 29-րդ բնակարանի բարերար եղբայրների ծնողները Արտակ և Գոհար Էվոյանները ավելի վաղ սույն ծրագրով  Տարոն թաղամասում  Ասլիկյան  ընտանիքին նվիրաբերել էին 4 սենյականոց բնակարան:

Օգտվելով առիթից կրկին տեղեկացնում ենք մեր ազգաբնակչությանը առ այն, որ Գուգարաց թեմի առաջնորդությունը, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ հատկացնելու որևէ պարտավորություն չունի: Հայտնում ենք, որ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հատկացված բնակարանները գնվել են առաջնորդ Սրբազանի կամավոր հանձնառությամբ և Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, Գերմանիայից և Ռուսաստանից անմիջական մտերիմ բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվությամբ՝ իբրև խղճի պարտք: Բացառության կարգով հանգանակությամբ   բնակարաններ է գնվել վանաձորաբնակներ Սամվել Քալաշյանի, Նունե Ղազախեցյանի և Մելսիդա Փարսադանյանի ընտանիքների համար:

Հռիփսիմե Միրզոյան

Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու

24.09.2019

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ