02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանն Իսրայելում դեսպանություն կունենա

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին: ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:

Նրա խոսքով՝ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում ՀՀ դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:

«Իսրայելում դեսպանություն ստեղծելն անպայմանորեն կնպաստի հայ-իսրայելական փոխգործակցության խորացմանը, միաժամանակ ապահովելով դրանց բնականոն զարգացումը:

Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա»,- ասաց Զ.Մնացականյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ֆիզիկապես ե՞րբ կստեղծվի դեսպանությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ դա կտևի որոշ ժամանակ, որը կախված է նաև մյուս կողմի հետ երկխոսությունից, և ժամկետները կախված են այդ երկխոսությունից:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց դեսպանության բացումը՝ հարցնելով, թե արդյոք Իսրայելը պատրաստվո՞ւմ է այստեղ դեսպանություն բացել:

«Դա մեր երկխոսության օրակարգում է Իսրայելի հետ, մենք չենք պայմանավորելու դա իրենց կողմից դեսպանության բացման հանգամանքով, բայց սա եղել և մնում է մեր օրակարգում և մեր ներկայությունն Իսրայելում առավել կամրապնդի մեր փաստարկները և բարձրացրած հարցը, որ իրենք ևս այստեղ ունենան դեսպանություն»,- պատասխանեց Զ.Մնացականյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ