ՀՀ ԶՈւ-ի ծառայողներից բացի որևէ այլ զինվորական չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին. Ալումյան
Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 187 ոստիկան է վիրավորվել և 32 ցուցարար: Սա վկայում է այն մասին, որ ցույցերը խաղաղ չեն եղել, զինված մարդիկ են եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Դիտարկմանը, որ մեղադրանքում գրված է՝ ցույցերը խաղաղ են եղել, Ալումյանն ասաց, որ կարող են այսօր մի բան գրել, վաղը՝ մեկ այլ բան, սակայն բոլորն են տեսել, թե ինչ է կատարվել:
Փաստաբանը նաև նշեց, որ զինվորականների ու ցուցարարների միջև անմիջական շփում չի եղել, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ որևէ զինվորական չի տուժել. «ՀՀ ԶՈւ-ից բացի որևէ այլ զինվորական մասնակցած չի եղել Մարտի 1-ի իրադարձություններին»:
Վերադառնալով վիրավորված ոստիկանների թեմային՝ Ալումյանը հայտարարեց, որ վերջիններս տուժել են՝ պաշտպանված լինելով հատուկ միջոցներով: Նրանք ստացել են այրվածքներ և բեկորային վնասվածքներ, իսկ նման վնասվածքներ հասցնելու համար պետք էր պատրաստվել:
Ալումյանը հիշեցրեց նաև այն, որ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել ցուցարարաներից մեկի կողմից և որ կիրառվել են «մոլոտովյան կոկտեյլներ»: