31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ն և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Իր խոսքում նա նշեց․

«Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորում եմ ձեր բոլորի ներկայությունը և ակնկալում եմ ակտիվ և բովանդակային քննարկում համաժողովի օրակարգի շուրջ: Բայց մինչ բուն խոսքիս անցնելը, կուզենայի հիշել նրանց ովքեր պետք է այստեղ լինեին, սակայն ճակատագրի բերումով մեզ հետ չեն այսօր: Կխնդրեի լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել վերջերս կյանքից հեռացած մեր դեսպանների՝ Արման Կիրակոսյանի և Գառնիկ Բադալյանի հիշատակին:

Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

ԱԳՆ կենտրոնական  ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի անցկացումը Երևանում ավանդույթ է դարձել: Այնուամենայնիվ, այս համաժողովն առաջինն է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, ուստի և նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթություններն ու դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի: Հրամայական է նաև վերլուծել մեր պետության առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար մարտահրավերներն ու սպառնալիքները, քննարկել արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի վրա, ինչպես նաև կանխատեսել անցանկալի զարգացումներն ու հնարավորության դեպքում մշակել դրանց չեզոքացմանն ուղղված քայլերը:

Այնուհանդերձ, կցանկանայի ընդգծել, այս անգամ փոխվել է ոչ միայն քննարկումների ձևաչափը, այլև ներկայացվում են Հայաստանի դիվանագիտական ծառայության տեսլականն ու ամրագրվել են արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ մեր դիվանագիտական գործունեության համար:

Համաժողովն անցնում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Ի՞նչ նկատի ունենք արժեքների տակ։

Առաջինը, հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթական արժեքներ, որոնց հենքում են մարդու արարչագործությունը, նրա հոգևոր զարգացումը, ազգայինը և համամարդկայինը  ներդաշնակեցնելու շարունակ ձգտումը: Որպես քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ, հայ ժողովուրդն իր ազգային հաստատությունների միջոցով շարունակել է դավանել և կրել հենց այդ համամարդկային արժեքները։ Այս կոնտեքստից բխում է նաև այսօր մեր գլոբալ պատասխանատվությունն ու առաքելությունը պաշտպանելու քաղաքակրթությունները և նորովի վերաստանձնելու քաղաքակրթությունները կամրջողի Հայաստանի պատմական և բնական դերակատարությունը:

Երկրորդ,  պատմամշակութային այն հարուստ ժառանգությունն է, որ թողել է պատմության ընթացքում հայ ժողովուրդն աշխարհի տարբեր մասերում և որը պետք է վերածել արժեքավոր դիվանագիտական հաղթաքարտի երկկողմ և բազմակողմ մակարդակներում։

Երրորդ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները, պարզորոշ կերպով փաստեցին, որ մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն պատմական, այլև ժամանակակից արժեքներով։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հաղթեց աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերջին շրջանում ձևավորված հոռետեսության, մշակութային ռելատիվիզմի  վերաբերյալ դատողությունների պայմաններում։ Հայաստանը և նրա ժողովուրդը ցույց տվեցին, որ մարդկային արժանապատվության հիման վրա ստեղծված համամարդկային արժեքները վեր են ամեն մի աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Հայ ժողովուրդն ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանցից որոշակի սպասելիքներից դրդված, այլ որովհետև այդ  համամարդկային արժեքները ճշմարիտ արժեքներ են և մենք էլ ճշմարիտ ժողովուրդ, որը ոչ միայն կարող է սպառել, այլ ստեղծել և արարել արժեքներ: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղորդում է մեզ ինքնավստահություն մեր ուժերի, մեր ժողովրդի միասնության, հանդուրժողականության, ազատամտության և արդարությունը պաշտպանելու ունակության վրա։Թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարության հաստատումը ամենակարևոր արժեքը լինելուց բացի, մեզանում  նաև անվտանգության և զարգացման հարց է, որը թույլ է տալիս ունենալ ազատ և արարող անհատ, համերաշխության և կոնսենսուսին ունակ հասարակություն, ամուր պետական համակարգ, որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմ, միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն առավել ամրապնդելու համար:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ

-Վերոնշյալ արժեքները Հայաստանի Հանրապետության այն բացառիկ առավելությունն են աշխարհի հետ հարաբերվելու և ամուր արժեքային հենքի վրա հարատև ու կայուն հարաբերություններ կառուցելու համար;

-Դրանք արտացոլում են այն համամարդկային ու աշխարհի տարբեր ժողովուրդների հետ մեր պատմական և արդի բացառիկ փոխկապակցվածությունը, որոնց նպատակասլաց և հետևողական զարգացումն ու ճշգրիտ օգտագործումը պետք է ապահովի բարենպաստ միջավայր Հայաստանի դիվանագիտության արդյունավետ իրականացման համար:

Հատուկ պետք է ընդգծեմ, որ այս համաժողովի ընթացքում մենք այսօր հստակ ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնք  կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը.

ԻՆՔՆԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ  

Այս սկզբունքի առանցքը  Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների  պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել:  Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Սա և սկզբունք է և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ ենք, որ  այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար: 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՆ սկզբունքը ենթադրում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը: Համահայկականության սկզբունքի գործադրումը պետք է ապահովի փոխադարձ աշխարհասփյուռ Հայության ամուր գործնական կապը  Հայաստանի հետ:

ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ

Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ  գործակցության ցանկացած պետության հետ:

Հայաստանը շարունակելու է աշխատել  տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։                     

Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով:

Հարգելի գործընկերներ,

Արդեն առիթ ունեցա նշելու, սակայն կուզենայի նորից ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը զերծ էր աշխարհաքաղաքական կողմնորոշումներից և դրա լավագույն վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ կառուցելու ինքնիշխանության սկզբունքի հիման վրա:  

Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի և թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման  շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով:

Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության պահպանումը և ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից: Մենք տեսել ենք, թե մեր հարևան տարածաշրջաններում անվտանգության համակարգի փլուզումն ինչ ծանրագույն հետևանքներ է ունեցել այդ ժողովուրդների, նրանց տնտեսության և պետականության համար: Ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության և խաղաղության անհրաժեշտ պայմանը և Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:

Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:

Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։

Խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։

Մենք բարձր ենք գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։

Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:

Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:

Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ:

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում  անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով:

Հարգելի գործընկներներ,

Հայաստանի համապարփակ անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում է մեր արտաքին քաղաքական գերակայությունները։

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է  ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում։ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը։

Հանդիսանալով Եվրոպական քաղաքակրթության և արժեհամակարգի անբաժանելի մաս՝ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը։ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։Կարևորում ենք Եվրամիության դերակատարումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում:Մեծապես արժևորում ենք մեր համագործակցության հարաճուն զարգացումը ԵՄ անդամ երկրների հետ։ Այս տեսակետից կառանձնացնեի Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների ծավալը։Եվրոպական գործընկերների հետ մեր համագործակցության կոնտեքստում կուզենայի առանձնահատուկ գոհունակությամբ նշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը։Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում, կարևոր ներգրավածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում:Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս ընդգծվում է մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք խարսխված են բարի դրացիության բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար: Այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը:

Հարգելի գործընկներներ, 

Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավածությունը՝ ելնելով մեր ազգային և տարածաշրջանային օրակարգից։ 

Պատմականորեն հայ ժողովուրդը կարևոր ներգրավածություն է ունեցել Ասիական տարածաշրջանում, և մենք մտադիր ենք շարունակելու և ընդլայնելու մեր համագործակցությունը Հնդկաստանի և Ճապոնիայի հետ։ 

Հայաստանի պատմական կապերը և հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում  ունեն քաղաքակրթական նշանակություն, որոնք արտահայտվում են Մերձավոր Արևելքի հանդուրժողականության և երկխոսության,  կրոնների՝ քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության արժեքներով։ Հայ ժողովուրդը ավանդական բարեկամության ամուր հիմքեր է ստեղծել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդների հետ: Հայաստանը մտադիր է զարգացնել այդ պատմական կապերը։ Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է  այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով։

Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է իր ներգրավածությունը նաև Ծոցի երկրներում։

Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա:

Հայկական համայնքների ակտիվ գործունեությունը, Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության ներուժը պայմանավորել են մեր ակտիվ փոխգործակցությունը այդ մայրցամաքի երկրների հետ, մասնավորապես՝ Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հետ։ Այս երկրների հետ համագործակցելու դրական դինամիկան պետք է անկասկած շարունակվի։ 

Հայաստանը մտադիր է համագործակցության նոր ծրագրեր վերհանելու և իրականացնելու ԱՍԵԱՆ անդամ երկրների և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, ինչը փաստվեց Հայաստան Հանրապետության վարչապետի վերջին տարածաշրջանային այցով։

Կարևորում ենք նաև Կանադայի հետ առկա հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Ավստրալիայի հետ համագործակցության նոր ուղիների մշակումը։ 

Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն և մենք այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի  յուրօրինակ դարպասը: Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։ 

Բնութագրելով մեր երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը, ես առիթ ունեցա նշելու տարբեր երկրների հայկական համայնքների կարևոր դերակատարումը, ինչը բխում է արդեն իսկ այսօր շրջանառության մեջ դրված մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից։ Կուզենայի առանձնահատուկ նշել, որ հայկական համայնքները կարևոր առաքելություն են իրականացնում՝ ծառայելու որպես կամուրջ իրենց պատմական և հյուրընկալ հայրենիքների միջև։

Հարգելի գործընկերներ,

Որևէ երկիր չի կարող միայնակ դիմագրավել  մարդկության առջև ծառացած գլոբալ և անդրազգային մարտահրավերները:

Արդյունավետ բազմակողմանիությունը ձևավորում է գործողություններին միտված համերաշխություն մեծ ու փոքր պետությունների միջև և հանդիսանում է միջազգային անվտանգության, խաղաղության և զարգացման գրավականը: Ուստի Հայաստանն առավել քան վճռական է շարունակելու նախաձեռնողական և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վարումը: Մենք մտադիր ենք ամրապնդելու մեր ներգրավածությունը՝ միջազգային անվտանգության, կայուն զարգացման, մարդու իրավունքների, հանդուրժողականության և հակախտրականության, մշակութային և գիտակրթական, կլիմայի փոփոխության, միգրացիայի փախստականների և այլ միջազգային օրակարգերում: 

Հայաստանը շարունակելու է ակտիվ և ներառական ներկայությունը բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և այլուր:

Այդ նպատակով Հայաստանը շարունակելու է իր կարևոր ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության օրակարգում: Մեր գործընկերները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում և Մալիում: Մենք պատրաստ ենք պահպանել և ընդլայնել մեր այս ներգրավածությունը: Հայաստանը ցուցաբերում է մարդասիրական օգնություն հակամարտություններից կամ զանգվածային ոճրագործությունից տուժած բնակչությանը:

Ահաբեկչության, կիբեր հանցագործության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցանքների դեմ պայքարը միջազգային անվտանգության մյուս կարևոր ուղղություններն են, որոնց մենք մասնակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ նախ և առաջ օգտագործելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի հարթակները:

Մեր միջազգային համագործակցության շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում կայուն զարգացման օրակարգը: Մենք շարունակելու ենք սերտորեն մասնակցել միջազգային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին, այդ թվում Կայուն զարգացման 2030 օրակարգի շրջանակներում:  Միջազգային լավագույն փորձի, ռեսուրսների օգտագործումը և տեղայնացումը մեր ազգային ծրագրերում կազմում է կայուն զարգացման մեր հիմնական նպատակը: Այս մոտեցումները լիարժեքորեն արտահայտվում են ՄԱԿ-ի շրջանակում մեր գործունեության մեջ, այդ թվում Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկա անդամակցությամբ:

Խելացի զարգացման օրակարգը, այդ թվում թվայնացումը, նորարարական գիտությունը արտաքին քաղաքականության մեր թեմատիկ մոտեցումների առաջնահերթություններից է: Այս տեսակետից խիստ կարևորում եմ համագործակցության հարթակների ընդլայնումը ինչպես՝ երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային մասշտաբի միջոցառումների շրջանակում, ինչպիսին է օրինակ այս տարի Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը:

Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք մեր միջազգային գործընկների հետ կիսել և արդեն իսկ առաջարկում ենք մեր ձևավորված փորձառությունը խելացի և նորարարական զարգացման մեջ, որոնք լավագույնս արտահայտված են Թումո և COAF Smart Center ստեղծագործ կրթության կենտրոնների, Արմատ ինժեներական լաբորատորիաների, Dasaran.am և բազմաթիվ այլ ծրագրերում:

Թավշյա հեղափոխությունը, դրա արդյունքում կայացած խորհրդարանական ընտրությունները, մեր կառավարությանը ժողովրդի կողմից տրված ուժեղ մանդատը, պայմանավորում են միջազգային ասպարեզում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ներառյալ հանդուրժողականության և հակախտրականության առավել համարձակ պաշտպանությունը, պայքարը ատելության խոսքի և դրսևորումների դեմ:

Այս տրամադրվածությամբ, մենք վստահորեն գնում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա ընտրություններին: Հիմնարար ազատություններից զատ մենք շարունակելու ենք առավել ընդգծել կանանց և երեխաների  իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, ինչն արդեն իսկ դրսևորվում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի մեր նախագահությամբ:

Հայաստանն արդեն երկու տասնամյակից ավել գործուն քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում: Այս ասպարեզում մենք դարձել ենք  առավել քան ճանաչելի: Հայաստանի շնորհիվ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման դրույթը ստացել է կոնկրետ դրսևորում: Մենք կշարունակենք ամրապնդել ցեղասպանությունների կանխարգելման նորմատիվ հիմքը, պաշտպանության միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները, ինչպես նաև ի դեմս Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորումի համագործակցության հարթակ կտրամադրենք այս ոլորտում ակտիվ քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների համար:

Մարդու իրավունքների խախտումների կանխարգելման գործում մեծ է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, երկխոսության և հաշտեցման դերը:

Հանդուրժողականության արժեքների ամրապնդումը մասն է կազմում նաև մեր մշակութային, գիտակրթական և քաղաքակրթական համագործակցության օրակարգի, որոնք ակտիվորեն զարգանում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում,  օրինակ ՅՈւՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ-ի հետ համագործակցությամբ: Ելնելով այդ նկատառումից՝ Հայաստանն առաջարկեց անցյալ տարի Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ‹‹Ապրել միասին›› նշանաբանը:  

Հայաստանը մեծապես արժևորում է Հինավուրց քաղաքակրթությունների ֆորումի ստեղծումը և պատրաստ է առավելագույնս ներդնել ձևաչափի կենսունակության ապահովման գործում:

Հարգելի գործընկերներ,

Մեր աշխատանքը գործնական բնույթի է՝ ուղղված կոնկրետ արդյունքների արձանագրմանը:

Հաճախ են ասում, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ես միայն կավելացնեի, որ արտաքին քաղաքականությունն առավել արդյունավետ և ինքնավստահ է, երբ սպասարկում է ազատ և ստեղծագործ քաղաքացուն, համերաշխ հասարակությանը և հիմնված է համախմբված ներքին քաղաքականության վրա:  Այս տեսակետից պետք է արձանագրեմ, որ այսօր Հայաստանում արտաքին քաղաքականության համար առկա է առավել բարենպաստ ներքին իրավիճակ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի դիվանագիտության առաջնային պարտականությունն է ծառայեցնել միջազգային համագործակցությունը, թե երկկողմ և թե բազմակողմ հարթակներում, մեր ազգային իղձերի և նպատակների՝ մասնավորապես Հայաստանի անվտանգության, բարեփոխումների և զարգացման օրակարգերի իրականացման համար:

Հայաստանում իրականացվող բազմաշերտ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը: Մեր կառավարության բարեփոխումների առանցքը Հայաստանի քաղաքացին է, որն առավելագույնս պետք է օգտվի արդյունավետ կառավարման բարիքներից:

Դատաիրավական համակարգի բարեփոխումն օրվա առաջնահերթ գերակայությունն է: Մենք առավել քան ակտիվ շարունակելու ենք ապահովել միջազգային փորձագիտական ներուժի ներգրավվումը: Այս ուղղությամբ արդեն իսկ հաստատվել են զարգացող գործընկերային հարաբերություններ մի շարք դերակատարների՝ ներառյալ ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի հետ:

Մեր կարևորագույն գործառույթը եղել և մնում է սոցիալ-տնտեսական զարգացմանը, տնտեսական հեղափոխության  իրականացմանը նպաստող արտաքին քաղաքական միջավայրի ձևավորումը:  

Արդյունաբերական, գիտելիքահեն, ստեղծագործ և նորարարական Հայաստանի կայացման գործում մեծ է արտաքին քաղաքական բաղադրիչի արդյունավետ օգտագործման դերը: Նոր շուկաներ հայկական ընկերությունների մուտքը, Հայաստանում ներդրումների և նոր տեխնոլոգիաների ներգրավումը, համատեղ զարգացման ծրագրերն առաջնահերթ խնդիրներ են, որոնց լուծմանը պետք է իր ծանրակշիռ ներդումն ունենա նաև մեր դիվանագիտությունը:

Այս ուղղությամբ մեր առաջնահերթ խնդիրն է ստեղծել համագործակցային հարթակներ և հնարավորություն տալ զարգացման օրակարգի անմիջական դերակտարներին՝ այդ թվում գործարար և գիտական համայնքներին, լիարժեք օգտագործել միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:

Էներգետիկ և տրասնպորտային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները պահանջում են նոր ջանքեր ենթակառուցվածքների ոլորտի դիվերսիֆիկացման և զարգացման ուղղությամբ և այստեղ նույնպես մենք կարևոր դերակատարում ունենք միջազգային համագործակցության ձևավորման և խթանման միջոցով:

Մեր հասարակության բոլոր ոլորտներում կանանց դերակատարման բարձրացումը, կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը մնում է մեր բարեփոխումների կարևոր առաջնահերթությունը: Այս տեսակետից արժևորվում է նաև մարդու իրավունքների ուղղվածություն ունեցող բազմակողմ տարածաշրջանային շրջանակում արձանագրված ձեռքբերումների կյանքի կոչելը:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման Ազգային ծրագրի ընդունումը կարևոր հանգրվան է, հակամարտությունից տուժած կանանց աջակցության ծրագրերի մեջ ներգրավելու ճանապարհին:

Հարգելի գործընկերներ,

Մեր առջև առկա մարտահրավերները շատ հստակ են, սակայն առավել քան հստակ է դրանց հաղթահարման քաղաքական կամքը:

Հայաստանի կառավարությունն ունի Հայաստանի զարգացման հավակնոտ տեսլական, որի առանձին դրույթներն ուրվագծվեցին նաև օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում:  

Հայաստանի վերափոխման ռազմավարությունն արգասիք է համարձակ մտքի, որի կրողը պետք է դառնան բոլոր նրանք, ովքեր ծառայում են իրենց ժողովրդին և հայրենիքին՝ ներառյալ  Հայաստանի դիվանագիտական կորպուսը:

Մենք կարող ենք այս ամենն իրականացնել, եթե բոլորս միասին հավատում ենք ու վստահ ենք մեր ուժերի վրա: Եթե մենք նախաձեռնող ենք ու պատասխանատվություն ենք կրում ոչ թե միայն նստավայր երկրների հետ հարաբերությունների, այլ՝ յուրաքանչյուրդ ողջ համակարգի և մեր ընդհանուր պետական առաքելության համար: Ձեզանից յուրաքանչուրի ներգրավվածության աստիճանից ու հետևողականությունից, նախաձեռնողականությունից ու նվիրումից է կախված լինելու մեր ընդհանուր հաջողությունը: Իսկ ԱԳՆ համակարգի հաջողությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, զարգացումը և արժանապատիվ տեղը միջազգային ասպարեզում:

Ուստի, ես ձեզանից պահանջելու եմ ունակություն, կարողություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ՝ արտահայտված լուրջ գործնական արդյունքներով՝ ի նպաստ մեր ժողովրդի և պետականության: 

Շնորհակալություն»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ