23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՊՏԿ ռեկտորը ձգտում է երևալ իբրև «մեծ բարեփոխիչ», բայց այդ բարեփոխումներն էլ իրենը չեն, դոկտորականի նման «գրագողել է» ՀՀ նախկին փոխվարչապետի մշակած ծրագրից․ ՀՊՏՀ դասախոս

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոստացած բարեփոխումներին, և արձանագրել, որ այդ ծրագրի հեղինակը ռեկտորը չէ։

 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանը շատ հաճախ վերադասի համակրանքը շահելու համար ձգտում է երևալ իբրև «մեծ բարեփոխիչ»: Իսկ իր քայլերին ընդդիմացողներին էլ ներկայացնում է իբրև հետադիմական հայացքներ ունեցողներ, անգրագետներ, կոռուպցիոներներ կամ թելադրություն անողներ: Եվ չի մոռանում նշել, որ նրանք դեմ են գնում իր բարեփոխումների կուրսին: Մի երկու ուսանող էլ,որոնց ռեկտորն աշխատանքի է տեղավորել անընդհատ խոսում են ընդդիմացող դասախոսների «մեղքերից»: Մյուս կողմից նա տեղի-անտեղի ցանկացած քայլի իրականացման հնարավորությունը կապում է իր կողմից կատարված տնտեսումների հետ: Տնտեսումների շահարկումը Հայրապետյանի ամենասիրած թեման է, որը կարելի է հանդիպել նրա գրեթե բոլոր գրառումներում և հարցազրույցներում: Եկեք ի վերջո հասկանանք ճշմարի՞տ է արդյոք Հայրապետյանը: Եվ արդյո՞ք նա «մեծ բարեփոխիչ է»: Միանգամից նշենք, որ նրա բարեփոխումներն էլ իրենը չեն: Նա իր քայլերն էլ, դոկտորականից եկող սովորույթի համաձայն «գրագողել է» ՀՀ երբեմնի փոխվարչապետ, մակրոտնտեսագետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ մշակված և հաստատված ռազմավարությունից: Հասկանալի է չէ, որ փայլուն մակրոտնտեսագետին չէր կարող չհետաքրքրել ռազմավարության իրականացման տնտեսական հիմքը: Հիմքերն առկա էին. այդ նպատակով կուտակվել էին մեծ ֆինանսական պաշարներ:

Եվ այսպես: Հայրապետյանը նշում է, որ տնտեսումներ է արել, շուրջ 250 միլիոն դրամի և հիմնականում դրա հաշվին է, որ բարձրացնելու է ժամավճարը, պարգևատրումներ է տալու արտերկրի ցիտվող ամսագրերում հրապարակվողներին…Իրականությունը սակայն այն է, որ 01.12.2018 թվականի դրությամբ համալսարան արդեն իսկ ուներ ավելի քան 1 միլիարդ դրամի տնտեսումներ:

Նկար 1.
Մենք չենք վիճարկում, որ նա հավելյալ տնտեսումներ իսկապես կատարած լինի: Դա հստակ կերևա միայն դեկտեմբերին, երբ համալսարանը կհրապարակի իր հաշվետվությունը: Ինչևէ, չվիճարկելով տնտեսումների առկայությունը միայն փաստենք, որ Հայրապետյանի նշած գումարը շուրջ 4 անգամ գերազանցող գումար արդեն իսկ առկա եղել է համալսարանի բյուջեում: Իսկ եթե տնտեսված գումարները գոյացել են ասենք դասախոսների ոչ թափանցիկ գնահատումների արդյունքում պարգևավճարների դիֆերենցումից, այստեղ երկար կարելի է վիճել:
2019-ի ապրիլին Հայրապետյանը կրկին շահարկելով իր կողմից կատարված տնտեսումները իբրև իր բարեփոխումների հերթական քայլ ներկայացրեց այն, որ Համալսարանում ժամավճարը շուրջ 3 անգամ կբարձրանա: Այս քայլը ողջունեցին ինչպես կրթության նախարարը, այնպեսէլ ՀՀ վարչապետը:

Նկար 2.
Չնայած «չար լեզուները» համառորեն պնդում են, որ ժամավճարը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի բարձրացվել: Սակայն մի կողմ թողնենք դա և տեսնենք, թե Հայրապետյանը, որտեղի՞ց է վերցրել այս քայլը: Բանից պարզվում է դա ոչ թե Հայրապետյանի մտածած բարեփոխումներից է, այլ մինչ իրեն պլանավորված գործողություն, որը կարելի է գտնել համալսարանի զարգացման ռազմավարությունում:

Նկար 3.
Ռեկտորի կողմից կադրերի ընտրության այս չարաբաստիկ գործընթացի միտքն էլ իրենը չի: Չնայած նա այդ գործընթացը ներկայացնում է որպես սեփական։ Ընդհանրապես համալսարանը դրսի որակավորված կադրերի առաջ «բացելու» գաղափարը շրջանառության մեջ դրվեց ռազմավարության առաջին իսկ հանրային քննարկման ժամանակ: Մի բան, որից հետևողականորեն խուսափում է մասնակցային կառավարման թեմայով դոկտորական «պաշտպանած» ռեկտորի ժ/պ-ն: Գուցե դա նրանից է, որ դոկտորական գրելու ընթացքում այլոց աշխատանքները յուրացնելու նպատակով արագ-արագ թարգմանելիս այդպես էլ չի ըմբռնել խնդրի դրվածքն ու իր առաջարկությունների բուն էությունը: 
Այն ժամանակ էլ այս քայլը միարժեք չընդունվեց. Եղան ընդդիմացողներ: Սակայն դրա անհրաժեշտությունը մեկնաբանվեց դրսի և ներսի որակյալ կադրերի օպտիմալ համամասնություն ստանալու անհրաժեշտությամբ:

Նկար 4., 5., 
Ինչպես երևում է ներկայացված նկարից կադրերի ընտրությունը, պետք է լիներ երկարաժամկետ գործընթաց։ Նախատեսվում էր մշակել դասախոսների ընտրության չափանիշներ, հետո իրականացնել ատեստավորում: Ատեստավորումը չհաղթահարածների համար կազմակերպել վերապատրաստումներ և սահմանել փորձաշրջան: Եվ միայն վերապատրաստման արդյունքում փորձաշրջանը չհաղթահարելու պարագայում 2020-ին նախատեսվում էր ազատել սահմանված պահանջներին չհամապատասխանող դասախոսներին: Չնայած այստեղ Հայրապետյանը գործողությունը 1 տարով արագացրել է: Պատճառն այն է, որ նա ակնհայտորեն շտապում է: Նպատակը պարզ է: Շուտափույթ պետք է «ազատվել» 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին Համալսարանի նախկին ռեկտորին իր դեմ դիմում գրած, կրթության նախարարին և ՀՀ վարչապետին բաց նամակներով դիմած իր ամբիոնակիցներից: Ովքեր ի դեպ, ինչպես պարզվեց բավականաչափ տեղեկացված են իր առաջընթացի «փոշոտ ճանապարհի ոլորաններից»:
Ինչևէ: Տակավին վերջերս արձագանքելով բողոքող դասախոսների հրապարակային ելույթներին Հայրապետյանը ավետեց բարեփոխման նոր քայլի մասին, որի հնարավորությունը կրկին կապեց իր կատարած տնտեսումների հետ: Խոսքը գնում է միջազգային ցիտվող ամսագրերում հոդված հրապարակող համալսարանականներին պարգևավճար տալու մասին: 

Նկար 6.
Հայրապետյանի այս ռազմավարական «բարեփոխումն էլ» արտագրած է նույն ռազմավարությունից, որտեղ այս գործողությունը նույնությամբ պլանավորվել էր միջազգայնացման նպատակների շրջանակներում:

Նկար 7.
Ինչպես տեսնում ենք «գրագողությունը» կամ առանց սկզբնաղբյուրը մատնանշելու իր անունից տարբեր մտքեր (գիտական ընդհանրացումներ, առաջարկություններ, նորույթներ, բարեփոխումներ) արտահայտելը Հայրապետյանի, թերևս, ամենասիրելի և ամենաստացված զբաղմունքն է: Չնայած, Հայրապետյանը դեմքի այնպիսի խելացի արտահայտությամբ է այս ամենը ներկայացնում հանրությանը, որ, ցավոք, ԿԳՄՍ նախարար պարոն Ա. Հարությունյանը վերջինիս համարում էր և շարունակում է համարել Հայաստանի ամենաառաջադեմ տնտեսագետը: Ինչ արած»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ