BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում Մարտի 1-ի գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նախկին նախագահներ եւ ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ
Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):
Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների` նա, հնարավոր է` հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։