Քաղաքական կամքի եւ այլ պետությունների պատրաստակամության դեպքում ԵՎՐԱԶԵՍ-ը կարող է ընդլայնվել. Սերգեյ Նարիշկին
Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարեւորագույն բաղադրիչը առեւտրատնտեսական հարաբերություններն են: 2011թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 11 միլիարդ դոլարի, իսկ ՀՀ տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը` շուրջ 3 միլիարդ դոլարի: Այսօր այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ակադեմիայի նախագահության եւ հայ գիտնականների հետ հանդիպման ժամանակ:
Սերգեյ Նարիշկինը նշել է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերութունների զարգացումն ակտուալ է դարձնում Հայաստանի եւ ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների միջեւ փոխգործակցությունը:
“Մենք գիտենք, որ ձեր երկրում մեծ հետաքրքրությամբ են հետեւում ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանականերում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին` Մաքսային միության ստեղծմանը, միասնական տնտեսական տիրույթի ձեւավորմանը եւ 2015թ –ին Եվրասիական տնտեսական միության ձեւավորման համար նախապայմանների ստեղծմանը”,-նշեց նա:
Նարիշկինը նշեց, որ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ձեւավորված Մաքսային միությունը բաց է ԱՊՀ երկրների հաամր: “Քաղաքական կամքի եւ այլ պետությունների պատրաստակամության դեպքում այն կընդլայնվի: Այդ երկրներից մեկը կարող է լինել Հայաստանը, որն արդեն դիտորդի կարգավիճակ ունի”,-ասաց Սերգեյ Նարիշկինը` հավելելով, որ առաջին քայլն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացումն էր:
Նարիշկինի խոսքով, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է ամրապնդել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Նարիշկինը կարեւորեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նշանակությունն այս հարցում, որի վերջին նիստերին ՀԱՊԿ անդամ երկրիների միջեւ համաձայնություն է կայացել արտակարգ իրավիճակներին արձագանքման եւ ՀԱՊԿ անդամ երկրների քրեական օրենսդրության ոլորտների մերձեցման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ԵՎՐԱԶԵՍ-ը չի հակադրվում ԵՄ-ին, ընդհակառակը վերջինիս հետ համագործակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ի զարգացման կարեւոր ուղղություններից է: