«Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում. Ջրպետկոմի նախագահը խմբագրում է Փաշինյանին
«Ջրի մաֆիա» ասելը մի քիչ բարձր է հնչում, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանում «ջրային մաֆիա» գոյություն ունի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
«Եթե իրենց գնահատենք, ապա նրանք անբարեխիղճ, ոչ պարտաճանաչ և իրենց բիզնեսի շահերը պաշտպանող ինչ-որ խումբ մարդիկ են, որոնք, այո՛, տարիներ շարունակ ունեցել են ջուր, ջրի համար վճարել են կամ չնչին գումար, կամ ընդհանրապես չեն վճարել», – նշեց ջրպետկոմի նախագահը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նախորդ տարվա ընթացքում կառավարության նիստերից մեկում Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու հարցը քննարկելիս ասել էր հետևյալը. «Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է, միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»։
Կոմիտեի նախագահն ասաց, որ վերոնշյալ անբարեխիղճ սպառողներից կան այնպիսիք, որոնք փորձում են իրավական դաշտ բերել իրենց ջրօգտագործումը և դառնալ պարտաճանաչ բաժանորդներ.
«Իհարկե, ունենք հարուցված քրեական գործեր, ընթացքի մասին տեղյակ կպահեն իրավապահ մարմինները»։
Հարցին, թե կա՞ն անբարեխիղճ ջրօգտագործող նախկին պաշտոնյաներ, Վարդան Մելքոնյանը պատասխանեց.
«Նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել, այլ՝ շաղկապված ընկերներ, բարեկամներ, բայց անձամբ նախկին պաշտոնյա չկա»։