Աննա Հակոբյանը պասիվացել է
2019 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 36 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 29-ը՝ չեզոք։
Տիկին Հակոբյանի մասին մշտադիտարկման տվյալ ժամանակահատվածում հոդվածները սակավաթիվ են, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Սա վկայում է այն մասին, որ Աննա Հակոբյանը պասիվացրել է իր հասարաքաղաքական գործունեությունը։ Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ դրական հոդվածները մեկով են գերազանցում բացասական հոդվածների թվին։ Դրական է գնահատվել Աննա Հակոբյանի՝ հայկական բրենդներ կրելու որդեգրած սկզբունքը։
Նիկոլ Փաշինյանին վերաբերող բացասական հոդվածներում լրատվականները մեջբերել են նաև Աննա Հակոբյանին։ Նշվում է, որ, երբ վարչապետի կինն ԱՄՆ-ում էր, նրան հանդիպելու հարցում Սպիտակ տունն առանձնակի ուշադրություն չի ցուցաբերել։ Լրատվականները հիշել են նաև տիկին Հակոբյանի՝ ազատ բնակարան ունենալու պարագայում կարիքավորներին տալու մասին կոչը։ Նիկոլ Փաշինյանին խնդրում են հրապարակել, թե քանի նման դեպք է գրանցվել, իսկ իբրև եզրակացություն՝ այդ ամենը գնահատվում է որպես պոպուլիստական կոչ։