Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին՝ նշել է.
«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»:
Դիտարկմանը, որ ընտրություններից մեկ օր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին, Փաշինյանը պատասխանեց.
«Պետք է քրեական գործերի բովանդակությունն իմանաք և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»:
Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»:
Դիտարկմանը, թե ՔՊ-ի վարկանիշի վրա ինչպես կազդի ընտրություններում պարտությունը, վարչապետը պատասխանեց.
«Հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ իշխանության թեկնածուին ոչ ոք չհաղթի»: