05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մասիսի քաղաքապետին առաջադրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը վերացվել է, խուլիգանությունը կա

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասով Քննչական կոմիտեն վերացրել է։ Աթանեսյանի փոխանցմամբ, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Բացի Համբարձումյանից, քրեական հետապնդումը նույն մեղադրանքով դադարեցվել է ևս երեք անձի նկատմամբ։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն խուլիգանության համար առաջադրված մեղադրանքը դեռ կա։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ», – տեղեկացրեց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):

Սակայն երկար քննությունից հետո, երբ արդեն պետք է դատախազը հաստատեր մեղադրական եզրակացությունը՝ դատարան ուղարկելու համար, տեղի էր ունեցել անսպասելին։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հետ էր Քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ