Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հասարակությունը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի կադրերին. GALLUP -ի վերջին տվյալները
GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին: Aյս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0 ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:
Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:
Հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՊՆ Դավիթ Տոնոյանը մինչեւ «թավշյա» իրադարձությունները ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի եւ պաշտպանության փոխնախարարի, ԱԻ նախարարի պաշտոններ են զբաղեցրել համապատասխանաբար: