Ֆրանսիայի նախագահը չի ստիպելու Հայաստանին. ամփոփվում են արդյունքները
Այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Օլանդը այս պահին նախագահի նստավայրում հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփում են արդյունքները:
Մինչ այդ տարբեր գերատեսչությունների միջեւ կնքվեցին համագործակցության պայմանագրեր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Օլանդի անդրանիկ այցը Հայաստան՝ նշելով,, որ հանգամանորեն անդրադարձան հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:
“Հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական լեզուն եւ ուստի պատահական չէ, որ Հայաստոնւմ գործում է կրթական մի համակարգ”,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, ինչպես նաեւ քննարկեցին Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ: “Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը, որ Հայոց Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականություն է վարում”,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործընկերոջը հրավիրելով մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հայաստանի նախագահի խոսքով, մեծ էր ոգեւորությունը, որ Ֆրանսուա Օլանդը առաջինը ցանկություն հայտնեց մասնակցելու:
Օլանդի խոսքով, ինքը երեկ Ադրբեջանում էր:
“Ես Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ վերհիշեցի Ֆրանսիայի պատրաստակամությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ խնդիրն իր լուծումը գտնի: Երեկ հրադադարի 20-ամյակն էր, բայց հրադադարը բավարար չէ, պետք է իրական լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր զոհերի է բերել, որը պետք է լուծում գտնի: Ես հիշեցրի նախագահՍերժ Սարգսյանին, թե որքան է Ֆրանսիան պատրաստ մասնակցել այս խնդրին լուծում գտնելու գործին:
Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար“,-ասաց նա:
Պատասխանելով լրագրողների հարցերին Սերժ Սարգսյանը նշեց, որ 250 տարի է, ինչ Հայաստանը Ռուսաստանի հետ ընկերություն է անում՝ կապված տնտեսական, մշակութային, կրթական այլ մշակույթների հետ: “Կարծում եմ դրանից հետո պարզ է, որ Հայաստանը պիտի անդամակցեր Մաքսային միությանը: Մենք նաեւ Ռուսաստանի հետ անվտանգության մի գոտում ենք”,-ասաց նախագահը: Նրա խոսքով, սա չի նշանակում, որ համագործակցություն չի լինելու Եվրամիության հետ:
Օլանդի խոսքով, սա կապված է միջազգային իրավունքի հետ, մասնավորապես տարածքային ամբողջականության հետ: “Ես չեմ դատապարտում այն, որ Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ: Մենք քննարկել ենք, եւ ես ուզում եմ Հայաստանը լինի նաեւ Եվրոպական ասոսացման մեջ: Սակայն չեմ ուզում ստիպել, որ Հայաստանը կապերը խզի Ռուսաստանի հետ”,-ասաց Օլանդը:
ՆախագահՍերժՍարգսյանիհայտարարությունըՖրանսիայիՆախագահՖրանսուաՕլանդիհետհամատեղմամուլիճեպազրույցիժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:
Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են “Պեռնո Ռիկարը”, “Օրանժը”, “Կրեդիտ Ագրիկոլը”, “Վեոլիան”, “Սորը”, “Ալկատելը” և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ “Կարֆուր” սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:
Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:
Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։
Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից:
Հարգարժա՛ն պարոն Նախագահ,
Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար:
Սիրելի՛ գործընկերներ,
Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը: