Տարին դեռ չի կիսվել, իսկ խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ կա
Ազգային ժողովը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Կառավարությունը դեմ չէ լրացուցիչ 892 դրամ տրամադրել; Այս մասին գրում է Արմենիասպուտնիկը:
Ազգային ժողովին բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 628 900 դրամի պակասուրդ է առաջացել։
Այս մասին ասված է այսօր կառավարության նիստում առանց քննարկման ընդունված որոշման նախագծում։ Դրանից պարզ է դառնում, որ պակասուրդն առաջացել է Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների ավելացման արդյունքում, որով պայմանավորված վեցերորդ գումարման ԱԺ–ի կազմի համեմատ, յոթերորդ գումարման խորհրդարանում 59 նոր հաստիք է ավելացել։
Պահանջվող 892 մլն դրամից շուրջ 403 մլն–ը ծախսվելու է աշխատավարձերի, 94 մլն–ը` պարգևատրումների, 301 մլն–ը` գործուղումների, որից 183 մլն–ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորման, 30 մլն–ը` պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցման, շուրջ 80 մլն–ը` գրասենյակային տեխնիկա և կահույք գնելու համար։
Կառավարությունը որոշեց բավարարել խորհրդարանի ֆինանսական պահանջը` պահուստային ֆոնդից լրացուցիչ 892 628 900 դրամ հատկացնելու որոշում կայացնելով։