28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինսկի խմբով, թե՞ Պուտինի հետ

 Արցախի շուրջ ուշագրավ զարգացումներ են ընթանում: Հիմնախնդրի կարգավորման առաջնորդությունը Ռուսաստանն է ստանձնում, թեեւ Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

Հանդիպմանը հաջորդեց Փաշինյան-Պուտին, ապա նաեւ` Ալիեւ -Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպման արդյունքները ներկայացրին ՌԴ նախագահին: Այստեղ տեղին է հիշել Փաշինյան-Ալիեւ վերելակային հանդիպման մասին, որը տեղի ունեցավ  2018թ սեպտեմբերին Դուշանբեում: Երկրների ղեկավարները Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էին մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հենց այս՝ ոտքի վրա կայացած հանդիպումից հետո հայտարարվեց կողմերի միջեւ օպերատիվ կապի ստեղծման պայմանավորվածության մասին: Ապա կրակոցները սահմանին նվազեցին:

Հենց այս շրջանում վերլուծաբանները խոսեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման ստվերային գործընթացի մասին՝ շեշտելով, որ հանդիպումը տեղի է ունեցել առանց միջնորդների: Ուշագրավ էր նաեւ փաստը, որ հանդիպմանը հաջորդած հայտարարություններում որեւէ բառ չասվեց 2016 թ մայիսին՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, մի փաստաթղթի, որը  քառօրյա պատերազմից հետո ամրագրեց  1994-95 թթ հրադադարի համաձայնագրերի կատարման ու հնարավորինս կարճ ժամանակում շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը եւ որի իրագործումը վիժեցվեց Բաքվի համառ ջանքերով:  Առհասարակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների եւ Վիեննա 2-ի շրջանակում ընդունված հնգակողմ հայտարարության տեքստերից այս համաձայնությունները դուրս մնացին:

Առանց ԵԱՀԿ ՄԽ-ի անցավ նաեւ Փաշինյան-Ալիեւ երկրորդ շփումը: 2018թ. դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրուցեց Իլհամ Ալիեւի հետ: Ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը Դավոսում էր՝ 2019թ հունվարի 22-ին: Այս հանդիպումներն, իհարկե, բանակցություններ չանվանվեցին, նշվեց, որ կողմերը ծանոթանում են միմյանց հետ, պատահաբար են հանդիպում: Այս ամենի ֆոնին փորձագետները շարունակեցին ահազանգել, որ գործընթացը շրջանցում է հիմնախնդրի կարգավորման ընդունված ձեւաչափը՝ Մինսկի խումբը:

Վիեննա 2-ից հետո  մասնավորապես ռուս փորձագետները խոսեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում Մոսկվայի դերակատարության մասին:

Մասնավորապես, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերից՝ պատահական չհամարելով Պուտինի հետ վերը նշված հեռախոսազրույցները: «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու շրջանակում հեռախոսազրույցների ակտիվացումը չի ընկալվում որպես պատահական երևույթ: Այն ակնհայտ աչքի է զարնում նաև այն պատճառով, որ ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, Ռուսաստանի նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը:

Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը, կարծես, Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-նշեց Տարասովը: Ռուս փորձագետը նաեւ շեշտել է  Պուտինի մասնակցությունը 2016թ. ապրիլին քառօրյա պատերազմը դադարեցնելու Դուշանբեում հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելու գործում:  Տարսովը կարծիք է հայտնել «հստակ տպավորություն է ձևավորվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից»:

Թերեւս այս՝ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում ընթացող պրոցեսի համատեքստում պետք է դիտարկել ՀՀ նոր իշխանությունների ռուսասիրությունը, Պուտինին ուղղված Փաշինյանի հավատարմության խոստումներն ու  քայլերը, օրինակ՝  Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու, որոնցով նա փորձում է խոսքը գործի վերածել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ