Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ
Վերլուծաբան Նարինե Դիլբարյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ այն բանում, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առկա երեք սկզբունքները և վեց կետերը պետք է հավելյալ մեկնաբանվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Մենք պետք է շարունակենք պնդել», – ասում է Դիլբարյանը՝ նկատի ունենալով Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը։
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ իր մոտեցումները բաժանում է երկու մասի՝ աշխարհաքաղաքական և ներքին։ Աշխարհաքաղաքականի վերաբերյալ նա ընդգծում է ԱՄՆ-ի իսրայելամետ դիրքորոշումը՝ Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելը։ Ներքին հարցում նա նշում է, որ Փաշինյանը պետք է գնար հանրային մեծ աջակցությամբ, և այս կոնտեքստում նրա խաղաղասիրական կոչերը տեղին չէին։ Սեդրակյանի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ կարևոր շեշտադրումը եղել է այն, որ որևէ զիջում չի լինելու։
Դիլբարյանի կարծիքով՝ իշխանությունները շատ են կենտրոնացել ներքին հարցերի վրա և Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ։ Քաղաքագետ Սեդրակյանը կարծում է, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված, նույնիսկ եթե Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինները ամբողջական տեղեկատվություն չեն տա այս հարցով։
Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Գոլանի բարձունքների ճանաչումը որպես իսրայելական նախադեպային կարող է լինել Արցախի համար։ Դիլբարյանը հիշատակում է Հելսինկյան պակտը, ըստ որի ճանաչվեցին պետությունների սահմանները, և կարելի է օգտագործել Գոլանի բարձունքների ճանաչման դեպքը։ «Որովհետև դրանց դուրս մնալը վտանգում էր Իսրայելի ժողովրդի և Իսրայել պետության անվտանգությունը»,- նկատում է Դիլբարյանը, և Հայաստանի պարագայում, որպես այդպիսին, առանձնացնում է Քարվաճառի բարձունքները՝ որպես անվտանգության երաշխիք։ Սեդրակյանը հղում է անում Իսրայելի ռազմական ուսմունքին, որտեղից առանձնացնում է մի դրույթ, ըստ որի՝ եթե Իսրայելը հարձակվում է իր հանդեպ հնարավոր սպառնալիք դրսևորող սուբյեկտի վրա, դարնով ոչ է իրականացնում է ագրեսիա, այլ՝ պաշտպանություն։
Խոսելով Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ՝ Դիլբարյանը այն համարեց անիշխանության դրսևորում։ «Ես համոզված եմ, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական։ Եթե ապացուցվի, որի Մարտի 1-ին էլ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, պատասխանատուներին պետք է պատժեն, նույնը՝ հեղափոխության օրերին», – ընդգծում է Դիլբարյանը։ Անուշ Սեդրակյանը համակարծիք է Դիլբարյանի հետ և քաղաքական գործընթացներին մասնակցած զինծառայողները պետք է կանգնեն Ռազմական տրիբունալի առջև։