Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջեւ բարեկամության, խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երեւանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաեւ՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին:
Հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են, որ այս միջոցառումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության: Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հրաշալի նվերի համար. “Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, եւ ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգեւոր, այլեւ մշակութային մեծ արժեք է”,- նշել է Ֆիլիպ Պեմեզեկը:
Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջեւ մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն