Քաղաքային իշխանությունների բացահայտ պոպուլիստական քայլերը մեզ անհանգստացնում են․ ՀՅԴ
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն մտահոգ է այս օրերին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
«Մենք կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։
Գնահատելի կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նույն ջանասիրությամբ լծվեին մեր քաղաքի բացահայտորեն ավելի կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ տրանսպորտային համակարգը, վերելակաշինությունը, աղբահանությունը եւ այլ առաջնային խնդիրներ։ Հինգ ամիսների ընթացքում իրենց իսկ ծրագրի մեջ նշված դրույթներից եւ ոչ մեկի իրագործման համար քայլեր չեն արվել։ Ավելին՝ շարունակվում են նախկինից եկած հոռի երեւույթները,ինչպես օրինակ Երևանի պատմական տեսքին մաս կազմող շինությունների ոչնչացումը։
Շատ ավելի կենսական է կանաչապատումը սկսել Նորքի անտառներից, քաղաքի ծայրամասերում գտնվող բազմաթիվ զբոսայգիներից, շենքերի բակերից, որոնք ապօրինի կառուցված ավտոտնակներով վերածվել են ավտոկայանատեղիների եւ դարձել վտանգավոր քաղաքացիների եւ հատկապես երեխաների համար։
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն պնդում է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները պարտավոր են ունենալ հստակ մարտավարություն՝ իրենց ցանկացած որոշումից կամ քայլից տուժող Երեւանի քաղաքացուն ապահովագրելու համար։ Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք»,- ասված է հայտարարության մեջ։