Հակամարտություններն ու դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն. Երևանի պատասխանը Թբիլիսիին
Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:
«Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», – ասաց Ա.Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։
«Արդյունավետ եմ գնահատում տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները։ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ», – ասաց ՀՀ նախագահը:
Նա նշեց, որ կարևորվել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր. «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»։