Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների 11–րդ տարելիցը
2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:
Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, Ներքին գործերի նախարարութան ուժերը, մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։
Հետո ականատես–մասնակիցները մարտիմեկյան դատավարությունների ընթացքում պիտի վկայեին, որ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների վրաններում՝ Ազատության հրապարակը, ինչպես այն ժամանակ էր ձևակերպվում՝ մաքրելու համար:
Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:
Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ինչպես նաև 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային:
Արդյունքում մեղադրանք առաջադրվեց 152 անձի, սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) 301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:
2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009 թվականի հունիսի 19-ին և 2011-ի մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:
2018-ի իշխանափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործը վերաբացվեց, և մեղադրանք առաջադրվեց մի քանի նախկին պաշտոնյանների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս 2018թ-ի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նշենք, որ այսօր ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի կանցկացվի երթ: