Էն, որ մտածում էինք իրավիճակ է փոխվել, էդ իրավիճակը մեզ համար չի փոխվել. կրճատել են խաղաղապահների աշխատավարձերը
Ավելի քան 20 օր առաջ Խաղաղապահ ուժերի մի խումբ աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու՝ ընդդեմ իրենց աշխատավարձերի իջեցման։ Սակայն ակցիան չկայացավ։ Պաշտպանության նախարարությունից շտապեցին արձագանքել խաղաղապահների մտահոգությանը, թե աշխատավարձերը չեն իջեցնելու։
Ինչպես հետո պարզվեց, դա ուղակի հերթական սուտն էր, որով պարզապես իշխանությունը փորձել էր կանխել ցույցը։ Մասնավորապես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ի պատասխան հարցին, թե կնվազե՞ն արդյոք խաղաղապահների աշխատավարձերը, պատասխանել էր․ «Զինված ուժերում բոլորի, այդ թվում՝ ձեր նշած կատեգորիայի անձանց աշխատավարձը ֆիքսված է, օրենքով սահմանված կարգով ստացվող աշխատավարձ է, այն չի պակասել և չի էլ կարող պակասել»։
Հայտարարությունը՝ հայտարարություն, իսկ իրականում փետրվարի 25-ին խաղաղապահներն իրենց ամենամսյա աշխատավարձից 20 000 դրամ պակաս են ստացել։ Այդ մասին Henaran.am-ին փոխանցեցին լավատեղյակ աղբյուրները, ովքեր չցանկացան հայտնել իրենց անունները, որպեսզի ավելորդ խնդիրներ չունենան զորամասում։
«Հասկանո՞ւմ եք, եղածը մի բան չի, մի գումար չենք ստանում, 128 հազարից իջեցրել են՝ հիմա էլ 108 հազար դրամի, բայց չենք ուզում խնդիրներ լինեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կան ավելի բարձր աշխատավարձ ստացողներ, սակայն բոլորի աշխատավարձերից էլ կրճատել են։ Հարկ է նկատել, որ անգամ Արծրւոն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե աշխատավարձ չեն պակասեցնի, խաղաղապահներին հետ չի պահել բողոքի ակցիա կազմակերպելու մտքից, բայց, մեր աղբյուրի փոխանցմամբ, հրամանատարը կանխել է։
Նա նշել է, որ դիմել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և, որ իբր «վերևներից» խոստացել են հարցին լուծում տալ, սակայն արդյունքում մնացել են ձեռնունայն։ «Էն, որ մտածում էինք իրավիճակ է փոխվել, մի բան էլ կավելացնեն աշխատավարձերը՝ պարզվում ա, էդ իրավիճակը մեզ համար չի փոխվել։ Ախր ո՞նց կարելի է զինվորականի աշխատավարձը իջեցնել։ Սիրիա են ուղարկել մի խմբի, շուտով սմենափոխ ենք լինելու, ու ոչ մի բան հաշվի չեն առնում»,-նեղսրտած ընդգծեց մեր զրուցակիցը։ Նոր կառավարիչների խոսքն ու գործը այս հարցում էլ չհամընկավ։