Տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ քաղաքական հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
Այսօր ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը, պատասխանել է վերջին օրերին ամենաշատը հնչող հարցին՝ ինչպե՞ս է իր ղեկավարած կառավարությունը իրականացնելու տնտեսական հեղափոխությունը։
Նա հստակեցրեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա, որի հիմքն իր հերթին 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է։
«Տնտեսական հեղափոխությունը մենք պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր եղավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Մեր կուսակցության հղած կարևորագույն մեսիջն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնը անհատի վերափոխումն է։ Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևոր գործոններից մեկը անհատական ջանքն է, առանց որի չի կարող լինել որևէ փոփոխություն», – հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեց իր ու իր ղեկավարած քաղաքական ուժի քաղաքական անցյալը, իրենց հասցեին հնչած մեղադրանքները՝ ծախված լինելու մասին ու հավելեց, որ իրենք ներդրել են իրենց կամքը՝ գնալ քաղաքական փոփոխության։
«2018-ի ապրիլ-մայիսին մենք կարողացանք ի ցույց դնել մեր կամքը ու դառնալ ՀՀ հպարտ քաղաքացու կամքի երաշխավորը։ Այդ հաղթանակի համար զինված հարձակում գործելու անհրաժեշտություն չեղավ։ Մենք կարողացանք գործի դնել նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերները», – հիշեց կառավարության ղեկավարը։
Քաղաքական հեղափոխության, ըստ Փաշինյանի, գործի դրվեցին նաև ֆինանսական միջոցների հավաքագրման մեթոդը, ինչով հնարավոր եղավ համախմբել բոլոր հայերին՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս։
«Ի վերջո մեր քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ ևս մեկ պատճառով՝ մեր քաղաքական թիմը որևէ ֆինանսական, քաղաքական պարտավորություն չունի որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ։ Սա Հայաստանի ու նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոնն է։ Մեր միակ պարտավորությունը մեր ժողովրդի առաջ է, ՀՀ քաղաքացու առաջ, և մենք մտադիր ենք նրա տված մանդատը կիրառել ՀՀ-ում իրական տնտեսական փոփոխություն հարուցելու համար», – նշեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը լինելու է նույնը, ինչ քաղաքական հեղափոխության հենքը և «պետք է անցնի այն նույն ճանապարհներով, կետերով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը»։
«Տնտեսական հեղափոխությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կփոխի իր տնտեսական վարքագիծը, և հետևաբար կառավարությունն իր անելիքը տեսնում է Հայաստանի քաղաքացու վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու մեջ», – հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ կառավարության ծրագրում չկան թվեր, թվային ցուցանիշներ։ Դրանք, ըստ Փաշինյանի, կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի պատրաստ կլինի դառնալ «տնտեսական ակտիվիստ»։