Բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակը /ֆոտո/
ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Եռաբլուրում հնչեց ՀՀ պետական օրհներգը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը ևս այստեղ էին։ Վարչապետ Փաշինյանն այսօր լուռ էր։ Նա հրաժարվեց պատասխանել հարցերին։
Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Հայոց բանակի օրվա առիթով ՀՀ նախագահական նստավայրում տեղի կունենա պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: