Գերմանահայերը հանուն Քեսաբի

Այսօր, տեղական ժամանակով 15:00-ին Գերմանիայի մի քանի քաղաքներում հարյուրավոր երիտասարդներ, համայնքների անդամներ ու հայազգի բնակիչներ միասնական ոտքի են կանգնել` դատապարտելու Քեսաբի դեմ կատարվող ոտնաձգությունները:
Ակցիան Քյոլն եւ Համբուրգ քաղաքներում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի աջակցությամբ նախաձեռնել են ԳԿԽ անդամ երիտասարդները: Իսկ Դյուսելդորֆում այն կազմակերպել է Գերմանիայի հայ ակադեմիականների միությունը: Նրանց մեծապես աջակցել է Եվրոպայի հայկական համագումարի Գերմանիայի մասնաճյուղը եւ „Հայկական վերածնունդ“ շարժման Գերմանիայի մասնաճյուղը: Մասնակիցները „SAVE KESSAB“ պաստառներով հավաքվել են քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ թուրքական հյուպատոսարանների առջեւ, պահանջել են կասեցնել վայրագությունները:
„Մենք շատ լուրջ ենք պատրաստվել, արդեն գերմանական մի քանի թերթեր անդրադարձել են այս ակցիային, օրինակ` „Spiegel Onine“-ը, որ շատ կարևոր է, պարզաբանում է ԳԿԽ անդամ Սամվել Լուլուկյանը,- մենք պահանջում ենք, որ գերմանական իշխանությունները ճնշում գործադրեն Թուրքիայի վրա որպես ՆԱՏՕ-ի պարտնյոր, որովհետև մամուլում էլ փաստեր կան, որ Քեսաբի դեպքերը Թուրքիայի կողմից են կազմակերպված, Դավութօղլուի և իրենց գաղտնի ծառայության շտաբի պետի հեռախոսազրույցը գաղտնազերծվել է, թե ինչպես են իրենք պլանավորում ներխուժել Սիրիա:
Սա անընդունելի է Եվրոպայի համար“:
Գերմանահայերը դրական փոփոխությունների սպասելիքներ ունեն, որովհետև որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես CDU-ն և CSU-ն նախօրեին հայտարարել են, որ անընդոնելի են համարում Թուրքիայի գործողությունները` ասելով, որ նա փորձում է պատերազմական գործողությունների մեջ ներքաշել նաև ՆԱՏՕ-ին: Իսկ մեր հայրենակիցները նույն ցեղասպանությունն են վերապրում Քեսաբում արդեն երրորդ անգամ:
ԳԿԽ տարածած հաղորդագրության մեջ խորհրդի նախագահ դոկտոր Նազարեթ Աղեգույանը նշում է, որ 21-րդ դարում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը բոլոր միջազգային կազմակերպությունների ու զարգացած պետությունների գլխավոր առաքելությունն է:
„Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը գերմանահայոց անունից դատապարտելով Թուրքիո այս արարքը, կոչ է անում բոլոր այն կառավարութիւններին, որոնք Սուրիո հակամարտության մեջ ազդեցիկ դերակատարություն ունեն, ի գործ դնելու իրենց բոլոր միջոցները վերջ դնելու Քեսապի դեմ այս ոտնաձգություններին և թույլ տալու Քեսապի բնակիչներին իրենց բնակարանները վերադառնալու՝ երաշխավորելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը“:
Այսօրվա միջոցառմանը հայերին են միացնել նաև բազմաթիվ ասորիներ, ռուսներ, հույներ: Կոչերով ելույթ են ունեցել ԳԿԽ անդամ Մինու Նիկպայը, Քյոլնի հոգևոր առաջնորդ Հայր Հրաչը, Գերմանաիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Իիյաս Ույարը, ասորիների համայնքի ատենապետը, հայկական համայնքների ատենապետերը և այլ հրավիրյալներ:
Գայանե Առաքելյան