23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կադրային ջարդ Շիրակի մարզում. բաց նամակ

Մարալիկի բնակիչ Միշա Ժաժոյանը բաց նամակ է հրապարակել, որում ահազանգում է, որ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել, Շիրակի մարզում, այնուամենայնիվ, կադրային ջարդ է իրականացվում, և, որպես դրա ապացույց, ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոն»-ի տնօրենի հետ կապված դեպքերը:

Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ կադրային ջարդ չի լինելու և լավ մասնագետները շարունակելու են աշխատել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և տարիքից: Սակայն Շիրակի մարզում անտեսել են այդ պատգամը:

Համոզվելու համար դիտարկենք «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի հետ կապված դեպքերը: Սուսաննա Պետրոսյանը 2007 թ. ստանձնել է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնն՝ իր ուժերով հաղթելով այդ պաշտոնի համար անցկացրած մրցույթում: Ծնելիության ցածր մակարդակի պատճառով կենտրոնն աշխատել է վնասով:

2018 թ. սկզբից Սուսաննա Պետրոսյանն իրականացրել է իր կողմից մշակված կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը, որի արդյունքում կենտրոնի 12 միլիոն վնասը կես տարվա ընթացքում նվազել է մինչև 3 միլիոնի:

Թավշյա հեղափոխությունից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը, ցանկանալով իրականացնել իր կադրային քաղաքականությունը, որոշում է փոխել «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենին:

Դրան հաջորդել են դեպքերի հետևյալ հերթականությունը.

11 հունիսի – երեկոյան «Հորիզոն» հեռուստաալիքով ելույթ է ունենում Շիրակի մարզպետը և ասում է, որ կան կոռուպցիոն երևույթներ «Մարալիկի առողջության կենտրոնում»;

12 հունիսի – առանց նախազգուշացման՝ ստուգման նպատակով, «Մարալիկի առողջության կենտրոն» է գալիս աուդիտը: Այսինքն կոպիտ խախտվել է «անմեղության կանխավարկածը» (որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է), սկզբում հրապարակայնորեն ասում են, որ կա կոռուպցիա, հետո գալիս են ստուգելու:

12 – 18 հունիսի – աուդիտը ստուգում է իրականացնում նաև նախկինում նույն աուդիտի կողմից ստուգված ժամանակահատվածը:

20 հունիսի – աուդիտը ներկայացնում է ստուգման հաշվետվությունը «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Տնօրենը ծանոթանում է և ասում, որ ունի առարկություններ: Աուդիտն ասում է, որ առարկությունները «Բացատրությունների» տեսքով տնօրենը գրավոր թող ներկայացնի իրենց՝ հունիսի 25-ին:

25 հունիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը «Բացատրությունները» ներկայացնում է աուդիտին: Աուդիտը պատասխանում է, որ դա իրենց պետք չէ, քանի որ հունիսի 21-ին ստուգման հաշվետվությունն ուղարկել են դատախազություն: «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը փորձում է իր «Բացատրությունները» հանձնել մարզպետին և կրկին մերժում է ստանում: «Բացատրությունները» ոչ մեկին չէր հետաքրքրում, քանի որ վճիռն արդեն կայացված էր:

Հունիսի վերջ – հուլիսի սկիզբ – դատախազությունը գործը ուղարկում է Մարալիկի ոստիկանություն:

Ոստիկանությունից հետաքննիչ է գալիս և ասում, որ չարաշահումները կազմում են ընդամենը 200 000 դրամ (50000-ը բենզինն առանց տենդերի գնումն է, 150000-ը արձակուրդից վերադարձը), եթե տնօրենը դա ընդունի գործը կկարճվի:

Տնօրենը համաձայն չլինելով, սակայն գործը կարճելու համար ընդունում է այդ չարաշահումները: Սակայն մարզպետին գործերի այսպիսի ընթացքը դուր չի գալիս, քանի որ գումարը շատ փոքր է:

6 հուլիսի – Ոչ միայն գործը չի կարճվում, այլ հեռուստացույցով դատախազը հայտնում է, որ ոստիկանության քննության արդյունքում պարզվել է, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը յուրացրել է 1 200 000 դրամ: Այդ առումով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է քննչական մարմիններին:

Հարց է ծագում, այդ ինչ 1200 000 դրամ է, որի մասին հետաքննիչը ոչինչ չէր ասել: Պարզվում է տնօրենը մասնագետ չունենալու պատճառով ստանձնել է նաև նարկոլոգի պաշտոնը, որի իրավունքը չուներ (քանի որ Մարալիկը քաղաք է, եթե գյուղ լիներ՝ իրավունք կունենար):

Այդ պաշտոնի աշխատավարձի հանրագումարը կազմել է 1 200 000 դրամ: Սակայն այդ աշխատավարձի դիմաց տնօրենն աշխատանք է կատարել, օրվա ցանկացած պահին ճանապարհային ոստիկանների պահանջով ստուգել է վարորդների սթափության աստիճանը, եղել են բազմաթիվ կանչեր, որոնք գրանցված են ոստիկանության և «Մարալիկի առողջության կենտրոնի» մատյաններում:

Այսինքն այդ գումարը ոչ թե յուրացվել է, այլ դրա դիմաց ծառայություն է մատուցվել, աշխատանք է կատարվել: Այսպիսով Մարզպետի ճնշման տակ դատախազությունը շինծու քրեական գործ է հարուցել:

23 հուլիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը էլ. փոստով մարզպետարանից գրավոր ստանում է պայմանագրի լուծման մասին ծանուցագիր: «Մարալիկի առողջության կենտրոնի» ատամնաբուժ Վռամ Մելիքյանը նշանակվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար, մինչև մրցույթով նոր տնօրեն ընտրելը:

Անցան ամիսներ:

7 նոյեմբերի – անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովը կազմված է 7 անդամներից

  1. Հանձնաժողովի նախագահ Վարդան Գրիգորյան (մարզպետի տեղակալ)
  2. Հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան (մարզպետի խորհրդական)
  3. Հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան (մարզպետի օգնական)
  4. Հանձնաժողովի անդամ Արամ Անտոնյան (Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ)
  5. Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գորգինյան (Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) 6. Հանձնաժողովի անդամ Կարեն Բադիշյան (Զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ)
  6. Հանձնաժողովի քարտուղար Զորիկ Խաչատրյան (Հողաշինության և հողօգտագործման բաժինհողային պետական տեսչության բաժնի պետ)

Մրցույթի հանձնաժողովում ընդգրկված չէ առողջապահության բնագավառի ներկայացուցիչ, որը, ըստ ՀՀ կառավարության 992-ն որոշման, պարտադիր է:

Մասնակցում են Սուսաննա Պետրոսյանը, Վռամ Մելիքյանը, Հակոբ Դարբինյանը:

1-ին փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 90 %). – Վռամ Մելիքյան – հարցերի 78 % պատասխան – Հակոբ Դարբինյան – հարցերի 98 % պատասխան – Սուսաննա Պետրոսյան – հարցերի 100 % պատասխան:

Սուսաննա Պետրոսյանը և Հակոբ Դարբինյանն անցնում են երկրորդ փուլ: 2-րդ փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 4 հարցի պատասխան). – Հակոբ Դարբինյան – պատասխանում է 2 հարցի – Սուսաննա Պետրոսյան – պատասխանում 4 հարցի: Հանձնաժողովը համարելով, որ Սուսաննա Պետրոսյանը 4-րդ հարցին լիարժեք չի պատասխանել որոշում է, որ մրցույթում հաղթող չի ճանաչվում: Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը:

Բողոքը ներկայացնելիս հանձնաժողովի անդամները, հատկապես նախագահը, հորդորում են չբողոքարկել, սպառնալիքներ են հնչեցնում, թե անկախ արդյունքներից իրենք իրենց կարծիքը չեն փոխելու: Պնդում են, որ Սուսաննան ամենալավ պատրաստվածն է, շատ լավ տիրապետում է գործող օրենքներին, ունի բազային մեծ գիտելիքներ և փորձ, բայց ավելի լավ է մասնակցի հաջորդ անգամ:

Փաստորեն նպատակահարմար են գտնում, որ «Մարալիկի առողջության կենտրոնում» շարունակի աշխատել, նույնիսկ առաջին փուլը չհաղթահարած, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

12 նոյեմբերի – կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը: Հանձնաժողովը բաղկացած էր 4 հոգուց, որից 2-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 2-ը մարզպետարանից:

13 նոյեմբերի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովի որոշման հիման վրա Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Սուսաննա Պերոսյանին ճանաչում է 2-րդ փուլի հաղթող և նոյեմբերի 15-ին նշանակում է 3-րդ փուլ:

15 նոյեմբերի – անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի մրցույթի 3-րդ փուլը:

Սուսաննա Պետրոսյանը ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոնի» զարգացման ծրագիրը: Հանձնաժողովը ծրագրում խնդիրներ չի հայտնաբերում, սակայն որոշում է չճանաչել Սուսաննա Պետրոսյանին հաղթող:

Հանձնաժողովի 7 անդամներից 5-ն անհիմն դեմ են քվեարկում:

Ակնհայտ է, որ հանձնաժողովը «պատվեր» է կատարում, քանզի.

  1. առողջապահության բնագավառի ներկայացուցիչը կրկին ներկա չէ՝ առողջապահության զարգացման նախնական ծրագիրը որակավորելու համար
  2. չկան այլ ծրագրեր՝ համեմատելու համար, և դեմ քվեարկելու որևէ պատճառ չկա Հանձնաժողովի նախագահը՝ Վ. Գրիգորյանը, նիստից հետո, Սուսաննա Պետրոսյանի հարցին պատասխանում է, որ իրենք դեմ չեն ծրագրին, սակայն մերժել են, քանի որ դեմ են 2-րդ փուլի բողոքը քննող հանձնաժողովի որոշմանը:

Հետաքրքիր մեկնաբանություն:

Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը:

26 նոյեմբերի – կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի 3- րդ փուլի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը:

Հանձնաժողովը բաղկացած էր 6 հոգուց, որից 3-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 3-ը մարզպետարանից: Մեր տվյալներով հանձնաժողովն ընդհանուր հայտարարի չի եկել (3 կողմ, 3 դեմ) և թողել է որոշումը մարզպետի հայացողությանը: 27 նոյեմբերի – Մարզպետի փոխարինող, նույն ինքը հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյանը, որոշում է կայացնում հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ:

Եթե չկային շահադիտական նպատակներ, ինչու՞ մերժեցին իր հետ մրցակից չունեցող 22 տարվա փորձառու տնօրենին: Այսպիսին է Շիրակի մարզպետարանում կադրային քաղաքականությունը՝ ամեն գնով (օրինական և ոչ օրինական) հասնել իրենց ուզածին, ինչը դժգոհության մեծ ալիք է առաջացրել»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ