Դաժան սպանություն Գյումրիում
Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում երեկ սպանվել է քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ «Փաստինֆո»-ն բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Դեպքի հետ կապված տարբեր վարկածներ են առաջ քաշվել: Դրանք ստուգելու, ինչպես նաեւ դեպքի հետ կապված հանգամանքներն ու հանցագործի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են դատավարական ու քննչական գործողություններ։
Քրեական գործով արդեն ուսումնասիրվում են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նույն տարածքում գրանցվել է հետապնդման այլ դեպքեր եւս եւ բացառված չէ, որ խոսքը գնում է նույն անձի մասին։