05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նռան ամենաօգտակար հատկությունները

Նուռը ոչ միայն շատ համեղ, այլև անչափ օգտակար մթերք է: Այն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով և օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ սննդակարգում նուռ ներառելու համար:

1.      Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը

Նուռն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում օրական 3 անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) կես բաժակ նռան հյութ խմել: Բուժման կուրսը տևում է 2 ամիս: Սակայն հարկ է հիշել, որ հյութը ոչ մի դեպքում չի կարելի խմել՝ առանց դրան ջուր ավելացնելու:

2.      Իջեցնում է զարկերակային ճնշումը

Նուռը հիանալի միջոց է զարկերակային գերճնշման դեպքում ճնշումը կարգավորելու համար: Բացի այդ, կարելի է չորացնել նռան հատիկների միջև եղած բարակ թաղանթն ու ավելացնել այն թեյին: Այս ըմպելիքը կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, կազատի անհանգստությունից ու կկարգավորի քունը:

3.      Կարգավորում է հորմոնալ ֆոնը

Նռան սերմերը պարունակում են յուղ, որն ազատում է հորմոնալ դիսբալանսից: Այն հատկապես կարևոր է ցավոտ դաշտանի, հաճախակի գլխացավերի և դաշտանադադարի դեպքում:

4.      Ախտահանում է բերանի խոռոչն ու կոկորդը

Նռան կեղևի եփուկը կամ դրա հյութն օգտագործվում է կոկորդի (նշիկաբորբ, ֆարինգիտ) և բերանի խոռոչի (ստոմատիտ, լնդաբորբ) ողողումների համար: Դրանում պարունակվող դաբաղանյութերը մեղմում են ցավը, իսկ օրգանական թթուները ոչնչացնում են վարակը:

5.      Օգնում է շաքարային դիաբետի դեպքում

Նուռն այն քաղցրավենիքն է, որը ոչ միայն թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետից տառապողներին, այլև շատ օգտակար է նրանց համար:

 Այն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Պարզապես հարկավոր է օրական 4 անգամ ուտելուց առաջ 60 կաթիլ նռան հյութ խմել և դրական արդյունքը նկատելի կլինի ընդամենը 3 օր անց:

6.      Ազատում է ճառագայթման վնասակար ազդեցությունից

Նռան հյութը շատ օգտակար է ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատողների և բարձր ճառագայթման գոտիներում ապրողների համար:

7.      Բուժում է մաշկը

Ճարպոտ և հաճախ բորբոքվող մաշկը կարելի է բուժել մի փոքր բոված նռան կեղևով պատրաստված դիմակով: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է կեղևը փոքր-ինչ բովել, այնուհետև մանրացնել և ավելացնել կարագ կամ ձիթապտղի յուղ: Դիմակը հարկավոր է պահել սառնարանում և օգտագործել շաբաթական առավելագույնը երկու անգամ: Բացի այդ, նռան չորացրած ու փոշի դարձրած կեղևն օգնում է արդյունավետ կերպով բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

8.      Դուրս է բերում մակաբույծներն օրգանիզմից

Հասած նռան կեղևը պարունակում է ալկալոիդներ, որոնք օժտված են հզոր հակաճիճվային ազդեցությամբ, ուստի նուռն օգնում է ազատվել նաև մակաբույծներից: Հարկավոր է 40-50 գրամ մանրացրած կեղևը 6 ժամ թրմել 400 գրամ սառը ջրում, այնուհետև դնել թուրմը թույլ կրակին և եռացնել մինչև կաթսայի մեջ մնա 200 գրամ հեղուկ: Սառչելուց հետո եփուկն անհրաժեշտ է քամել և խմել մեկ ժամվա ընթացքում մանր կումերով: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց, իսկ ևս 4-5 ժամ անց մաքրել աղիները հոգնայի միջոցով:

9.      Բուժում է փորլուծությունը

Նուռն օժտված է կապող հատկություններով, ուստի այն հիանալի միջոց է փորլուծության, կոլիտի և էնտերոկոլիտի դեմ պայքարելու համար: Մեծահասակները նման խնդիրների դեպքում կարող են չորացնել ու մանրացնել նռան կեղևը և օգտագործել այն օրական 3 անգամ ուտելուց հետո, իսկ երեխաների բուժման համար կարելի է օգտագործել նռան թարմ քամած հյութ (խառնել ջրին 1:1 հարաբերակցությամբ): Եթե փորլուծությունը պայմանավորված է վարակներով, ապա նռան կեղևի մեջ պարունակվող պոլիֆենոլները կօգնեն ազատվել դիզենտերիայի ցուպիկից և այլ հարուցիչներից:

10.  Բուժում է բորբոքումները

Բորբոքային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել նռան կեղևի եփուկ: Հարկավոր է 2 թեյի գդալ մանրացրած կեղևին ավելացնել 1 բաժակ տաք ջուր և 30 րոպե եռացնել տաք գոլորշու միջոցով: Այնուհետև հարկավոր է քամել ստացված եփուկը և ավելացնել այնքան եռացրած ջուր, որ ստացվի մեկ բաժակ թուրմ: Ստացված դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 50 գրամ:

Սակայն հարկ է հիշել, որ նռան կեղևը պարունակում է ոչ մեծ քանակությամբ խիստ թունավոր նյութեր՝ ալկալոիդներ, ուստի անհրաժեշտ է միշտ հետևել ցուցումներին և չչարաշահել այն առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար: Բացի այդ, նռան հյութը հարկավոր է օգտագործել միայն ջրի հետ խառնած վիճակում, քանի որ դրա մեջ պարունակվող օրգանական թթուները կարող են քայքայել ատամների էմալը:

Նյութի աղբյուրը՝ segodnya.ua

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ