Կկայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը։
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», – հայտարարեց Ջորջ Քենթը։
Տեղեկացնենք, որ Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, որը պատրաստվում է հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այց կատարել, որի շրջանակում կլինի նաև Հայաստանում: