Գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին
Անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին: Տեղեկությունը Henaran.am -ի հետ զրույցում հաստատեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը:
«Վնասվել են Ազգային ժողովի այգու խոտածածկ տարածքը, ծաղիկները, կուտակվել է մեծ քանակությամբ աղբ», -ասաց Կնյազ Սարոյանը: Կնյազ Սարոյանն ասաց, որ այս պահին ապակիներ կոտրելու եւ մեքենաներ վնասելու մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, երեկ երեկոյան, այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը արտահերթությամբ է քննարկելու, վարչապետ Փաշինյանը շտապ հանրահավաք հրավիրեց եւ քաղաքացիներին առաջնորդեց ԱԺ:
Նշենք նաեւ, որ Փաշինյանը երեկ հանրահավաքին հայտարարեց, որ առաջարկում է բացել Ազգային ժողովի այգին ժողովրդի առջեւ, ինչպես Բաղրամյան 26-ը:
Հավելենք, որ ԱԺ դարպասներն այսօր բաց են, սակայն ԱԺ չի պարզաբանում, թե ինչու: ԱԺ լրատվական ծառայությունից հորդորում են բոլոր հարցերն ուղղել ՊՊԾ-ին։