Մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել. Էդուարդ Շարմազանով
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, սահմանին լարվածության թուլացման առնչությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում վարչապետի այս քայլը մեկնաբանելով՝ մասնավորապես ասաց. «Կարծում եմ մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել այսքան ժամանակ, եթե նա ոտքի վրա Դուշանբեի այգիներում կարողացել է պայմանավորվել Ալիևի հետ: Այն Ալիևի, ով խոսում է Արցախը գրավելու և Երևանը վերադարձնելու մասին»:
Շարմազանովը գտնում է, որ առանց լուրջ նախապատրաստվելու «ձեռքի հետ, ոտքի վրա» արցախյան կարգավորումից խոսելը արդեն իսկ մտահոգիչ է:
Վերջինս հիշեցրեց՝ 2016 թ.-ի ապրիլից հետո հայաստանյան կողմը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ հետագայում նաև Ժնևում փաստաթղթային մակարդակով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ. «Բայց այսօր կարծես թե մեր իշխանությունը համառորեն չի բարձրաձայնում այդ պայմանավորվածություններն իրականացնելու մասին»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:
«Փաշինյանի ուղիղ եթերին հետևեց Մամեդյարովի միջազգային հանրությանը ուղղված կոչը՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Հիմա հարց, պարո՛ն Փաշինյան, քանի՞ կոպեկ արժեր Ձեր այդ ուղիղ եթերը Մամեդյարովի պրեսինգի կոչի ֆոնին»,-ավելացրեց Էդուարդ Շարմազաանովը: