28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Վերադարձ անցյալին չի լինելու. Շարմազանով

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին:

Պաշտոնական Բաքուն անհիմն է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու դեպքում հայ բնակչության դեմ ցեղասպանություն կիրականացվի:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am -ի հետ ցրույցում նշեց, թե Ադրբեջանը շարունակում է կոպտորեն արհամարհել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:

«Այդ Ադրբեջանը չէ՞ր պատերազմ սկսել Արցախի հայության դեմ: Ադրբեջանը չէ՞ր  2016 թվին Թալիշի խաղաղ բնակիչներին սպանում ու գլխատում մեր զինվորներին: Ալիևը չէ՞ր որ պարգևատրեց հայ սպային գլխատած ստահակին` հերոսացրեց մարդասպան Սաֆարովին: Ադրբեջանը չէ՞ր, որ Նախիջևանը հայաթափեց  ու ոչնչացրեց մեր հազարավոր խաչքարերը»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ վերադարձ անցյալին չի լինելու` վստահեցնելով՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Այս հարցում ՀՀ-ի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը միասնական են, և թող չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: 

«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար` Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ