Ոչ իշխանականների այդ կուտակումից դեռ “կվարտետի” հոտ չի գալիս. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը գրում է.
Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թերեւս մի ավելորդ անգամ “ոչ իշխանական չորս ուժեր” երկար բառակապակցությունը չարտասանելու եւ խոսքին գեղարվեստականություն հաղորդելու համար գործածեց “հրաշալի քառյակ” բնորոշումը:
Հասկանալի է, որոշիչը հոլիվուդյան հայտնի “Հրաշալի յոթնյակը” ֆիլմի անվանումից է քաղված, իսկ թիվը, այնուամենայնիվ, հայրենի քաղաքական իրականությունից: Կարելի է չորս կամ չորսին մոտ գործող անձանց ակնարկող այլ նմուշներ էլ առաջարկել: Ասենք՝ “Երեքը նավակում, չհաշված շունը”, կամ լեհական հայտնի հեռուստասերիալը՝ “Չորս տանկիստերն ու շունը”: Վատ տարբերակ չէ հանրահայտ “Երեք հրացանակիրները”, դե, հասկանալի է, գումարած Դ’Արտանյանին:
Իսկ թե ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ-“Ժառանգություն” անձնակազմից հատկապես որ մեկն է խորամանկ ու ճարպիկ գասկոնացին, կարող են իրենք որոշել:
Ի դեմս ոչ իշխանական չորս ուժերի՝ “հրաշալի՞ քառյակի” հետ գործ ունենք, պարզապե՞ս “քառյակի”, թե՞, ասենք, լարային “կվարտետի”:
Դատելով այն բանից, որ չնայած հաճախակի քառակողմ հանդիպումներին, նրանք ավելի շատ լռում են համաձայնությունների ու կայացված որոշումների մասին, այդ քառյակում հրաշալի շատ բան առանձնապես չկա: Ավելի շուտ դա ընդամենը քառյակ է, այսինքն՝ չորս տարբեր կուսակցությունների, ուժերի քանակական առկայություն, կուտակում նույն վայրում:
Ամեն դեպքում նրանք դեռ “կվարտետ” չեն: Իրավիճակում, երբ չորսն էլ ուզում են ջութակ նվագել, ըստ որում՝ “առաջին ջութակը” լինել, ոչ իշխանականների այդ կուտակումից դեռ “կվարտետի” հոտ էլ չի գալիս, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ էլ, կներեք, երաժշտական:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: