Փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին. Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը. Դավիթ Բաբայան
Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը:
Անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում և, առավել ևս, խուճապ չկա և չի կարող լինել»,- ասաց Բաբայանը:
Խոսելով վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակից, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ իրավիճակը կայուն է, սակայն այդ կայունության հիմնական գրավականն այն է, որ հայկական կողմը միշտ պատրաստ է և զգոն:
«Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը: Այն, որ ձախողում է այդպիսի ահաբեկչական փորձերը, ցույց է տալիս, որ ռազմավարական նախաձեռնողականությունը շարունակում է մնալ Պաշտպանության բանակի ձեռքում»,- ասաց Բաբայանը:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15-հոգիանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են: