Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է՝ կարող է այսպես, կարող է այնպես, կարող է այնպես կամ այսպես-ի վրա. Ռ. Քոչարյան
Մարտի 2-ին ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որեւէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին կանոնավոր բանակի ներգրավվածության մասին հարցին:
«Ես ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում: Այն փաստը, որ բանակի որեւէ զինծառայող որեւէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայակոչում է, որ բախում չի եղել»,- հավելել է նա:
Նախկին նախագահը նաեւ կարծում է, որ քննչական մարմինները բացասական, իրենց ուզած ուղղությամբ սպասելիքներ են ձեւավորում ժողովրդի մոտ՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքերը: «Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ կապված շատ զգայուն քրեական գործի հետ: Չի կարելի այդպիսի բան անել»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա կրկին հրաժարվել է, թեկուզ ոչ պաշտոնապես, մանրամասներ հրապարակել դատաքննության ընթացքից՝ ընդգծելով, որ կարող են փաստաբաններին զրկել լիցենզիայից կամ նույնիսկ քրեական գործ հարուցել:
«Սա օրենքի պահանջ է, եւ այս օրենքի պահանջը միակողմանի օգտագործվում է քննչական մարմնի կողմից, դոզավորված, իրենց ուզած ձեւով՝ ընդհանուր տեքստից հանել կտորներ, ներկայացնել ժողովրդին՝ իբրեւ մեղադրանքի ապացույցներ»,- հավելել է նախկին նախագահը:
Ինչ վերաբերում է տապալված մամլո ասուլիսին: «Ամենակարեւոր բանը, որ ուզում էիք ասել, բայց չկարողացաք» հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է. «Օ՜, այնքա՜ն բան կար ասելու… Խանգարեցին»: