Ֆարմանյանը հորդորում է լուրջ չվերաբերվել Արսեն Թորոսյանին. բողոքի ակցիա Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է: Աշխատակիցներն այս պահին փակել են հիվանդանոցի մուտքն ու հրաժարվում են սպասարկել հիվանդներին՝ պահանջելով նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշումը:
«Մենք պահանջեցինք, որ Արսեն Թորոսյանը գա հիվանդանոց, բայց նա վախեցավ հանդիպել բժշկական համայնքին: Արսեն Թորոսյանից հարցրե՞լ եք՝ ոնց է ազատվել բանակից: Բանակից փողով ազատված, Հայաստանը «չմո երկիր» անվանած նախարարի ապօրինությունները չենք հանդուրժելու: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է նշանակում առողջապահության համակարգ, չի հասկանում՝ ինչ է նշանակում բժշկական համակարգ, նա պետք է հեռացվի այդ պաշտոնից»,-ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ հիվանդանոցի բակում են ԱԺ պատգամավորներ Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը, ովքեր հորդորում են նախարար Թորոսյանին գալ հիվանդանոց՝ հանդիպելու բուժաշխատողներին:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, կոչ արեց լուրջ չվերաբերվել առողջապահության նախարարին։
«Թեև առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը, բայց ես հորդորում եմ այդքան էլ լուրջ չվերաբերվել նրան, որովհետև նա իր մանկամիտ պահվածքով, որոշումներով, շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ առողջապահական համակարգի աշխատողները լուրջ չվերաբերվեն առտղջապահության նախարարին», – հայտարարեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով, առողջապահության նախարարի կողմից «բացահայտ ուղղորդված և կամայական որոշումը» ձեռնոց է նետված որ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, այլ առողջապահության ամբողջ համակարգին։